«Վտանգը չի անցել, թողեք պայքարենք». Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն
Վտանգը չի անցել, թողեք պայքարենք, թողեք հաղթենք, հետո կնշեք՝ թեկուզ առանց մեզ: Այս ամսին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը:
«Գիշերային մտորումներ
Անտեսանելի էր թշնամին, եկավ գրեթե միանգամից: Թեթև քամի փչեց արևելքից՝ Չինաստանից: Քամին և վտանգը մարդիկ լուրջ չընդունեցին, թշնամին՝ անտեսանելի, չար կախարդի նման ակնթարթորեն փռեց թևերը քաղաքի վրա և բոլորը քարացան իրենց տներում ու մնացին քարացած:
Մի քանիսը, շատ խիզախներից՝ սպիտակ խալաթներ հագած, մեծ դժվարությամբ սկսեցին պայքարել թշնամու դեմ և օգնել քարացածներին: Պայքարում էին ինքնամոռաց, անձնվեր, թողած իրենց ընտանիքներին և վստահ, որ կհաղթեն ու մարդիկ կկենդանանան քարացած վիճակից: Պայքարը անհավասար էր ու անհույս, բայց սպիտակ խալաթավորները համառ էին ու խելացի:: Սակայն քարացած քաղաքացիներին թվաց, թե թշնամին հեռացել է և դուրս վազեցին տներից, լցվեցին փողոցներն ու հրապարակները, սկսեցին ապրել այնպես, կարծես ոչինչ էլ չեր եղել: Սպիտակ խալաթավորները վազում էին մեկից մյուսի մոտ և հորդորում տներում մնալ, բացատրում, որ պայքարը չի վերջացել, խնդրում չխանգարել կռիվը հաղթական ավարտին հասցնել: Իսկ մարդիկ չէին լսում, կարծես խլացած ու ցնորված տոնում էին ու հրճվում:
Իսկ թշնամին հավաքել էր ուժերը և…
Ի՞նչ եղավ հետո:
Գուշակեք ինքներդ:
Չէ՜, մի՜ գուշակեք, ընդամենը մնացեք տանը, լսեք մեր հորդորները: Վտանգը չի անցել, թողեք պայքարենք, թողեք հաղթենք, հետո կնշեք՝ թեկուզ առանց մեզ:
P.S. Պայքարում ենք միասին!»,- գրել է նա: