Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկման առարկա են դարձել ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական ոլորտին օժանդակելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարով ՏՏ զարգացումը խթանելու ուղղությամբ անելիքները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ոլորտի կազմակերպությունների բնականոն աշխատանքի վրա կորոնավիրուսի ազդեցության գնահատման նպատակով կատարված ուսումնասիրության արդյունքները և առաջացած խնդիրների լուծման տարբերակներ։ Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է եղել օժանդակության մեխանիզմներին, զարգացման տրամաբանություն ունեցող գործիքների կիրառմանը, երկարաժամկետ ռազմավարական մեխանիզմների ներդրմանը և այլ հարցերի։ Ներկայացվել են մի շարք դիտարկումներ ու առաջարկներ։
Վարչապետը նշել է, որ պետական օժանդակության գործիքակազմով տեխնոլոգիական ոլորտի խթանումը կարևոր է ոչ միայն ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների լուծման, այլև Հայաստանի տեխնոլոգիական գերակայությունների առաջմղման համատեքստում։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով մշակել օժանդակության, ինչպես նաև երկարաժամկետ զարգացման մեխանիզմների առաջարկներ։