Ryanair-ը կկրճատի մինչև 3000 աշխատողի՝ «կորոնաճգնաժամի» պատճառով և կփակի մի շարք բազաներ Եվրոպայում
Իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերությունը նախատեսում է կրճատել 3000 աշխատատեղ՝ աննախադեպ կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով, որը հանգեցրել է թռիչքների գլոբալ դադարեցմանը: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ Sky News-ին հղումով:
Բյուջետային ավիաընկերությունը շեշտել է նաև կառավարության օգնության ազդեցությունը այլ փոխադրողներին, ներառյալ Lufthansa-ն և Air France-ը, որը Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին քննադատել է՝ որակելով «ակնհայտ անարդար»:
Կկրճատվեն հիմնականում օդաչուների և բորտուղեկցորդների աշխատատեղերը, իսկ մյուսներին սպասում է չվճարվող արձակուրդ և աշխատավարձերի կրճատում մինչև 20%-ի չափով: Հնարավոր է նաև «մի շարք ավիաբազաների փակում ամբողջ Եվրոպայում», մինչև օդային ուղևորությունների պահանջարկի վերականգնումը:
Ըստ Ryanair-ի հաղորդման, կառուցվածքային փոփոխությունները և կրճատումները կսկսվեն 2020-ի հուլիսից:
Կկրճատվեն նաև ավիաընկերության ղեկավար կազմի աշխատավարձերը. Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրիի աշխատավարձը մինչև տարվա վերջ կրճատվել է 50%-ով: