Նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ (Տեսանյութ և լուսանկարներ)
Ստարտափների, նոր տեխնոլոգիաների զարգացման համար էական է ինչպես կրթական համակարգն, այնպես էլ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծումը: Այս մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է հայկական ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ «Ստարտափները կորոնավիրուսից հետո» թեմայով հեռավար զրույցի ժամանակ:
«Ստարտափի գործունեության մեջ շատ էական է ստեղծագործ մարդկանց ներգրավումը։ Գիտեք, որ ամենամեծ խնդիրներից մեկը տաղանդավոր, երիտասարդ, լավ կրթված մարդկանց ներգրավումն է։ Այս համատեքստում շատ կարևոր է դառնում կրթությունը։ Հնարավոր չէ մտածել ստեղծագործ, ինովացիոն միջավայրի մասին, առանց կրթության,-ասել է նախագահը: -Մենք փոքր երկիր ենք, հեռու մեծ շուկաներից, բայց 21-րդ դարը նոր հնարավորություններ է բացում: Եթե կարողանանք ճիշտ հարաբերությունները կառուցել, ապա մեր զարգացման համար կարող ենք օգտվել նաև միջազգային հիմնադրամներից։ Կարևոր է նաև, որ այն ստարտափներն, անհատները, որոնք օգտվում են նման ֆինանսական միջոցներից, ի վերջո, մնան Հայաստանում և դառնան Հայաստանի լավ գործարար քաղաքացիներ»։
Նախագահը պատահական չի համարել Միացյալ Նահանգներում ամենամեծ թվով ստարտափների առկայությունը՝ դա պայմանավորելով մի քանի հանգամանքով․ «Նախ և առաջ, շրջապատում կան շատ լավ համալսարաններ, երկրորդն՝ աշխարհի ամենամեծ էլեկտրոնային ընկերություններն այնտեղ են գտնվում։ Սա է ձևավորում միջավայրը. շուկան, պահանջարկը, մասնագետները, բոլորը մեկ վայրում են։ Սա ամերիկյան մոդելն է: ԱՄՆ այսօր ունի ամենաշատ վենչուրային հիմնադրամները և ամենաշատ ստարտափերը։
Կան նաև այլ մոդելներ։ Եթե վերցնենք Մեծ Բրիտանիան, ամենահայտնի կենտրոններից մեկը Քեմբրիջի համալսարանի գիտական քաղաքն է, որը ստեղծվել է Քեմբրիջի համալսարանին կից, որտեղ աշխատում են հսկայական թվով բարձր որակի մասնագետներ։ Համալսարանի կողքին տեղակայված են Microsoft-ի, Apple-ի, այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կենտրոնները։ Ստեղծվել է մի տարածք, որտեղ ստարտափները կարող են գնալ և հեշտությամբ օգտվել համալսարանից, կապ ունենալ մեծ բիզնեսի հետ և աճել»։
Ստարտափների զարգացման համար նախագահ Սարգսյանը կարևոր է համարել կրթություն-արդյունաբերություն-շուկա կապը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը: «Գաղափարը հետևյալն է. մեծ ընկերություններին բերել Հայաստան, որպեսզի համատեղ ստեղծվեն լաբորատորիաներ ծրագրավորման, արհեստական բանականության ոլորտներում,-ասել է նախագահը։- Ճիշտ կլինի, որ դրանք գտնվեն մեկ վայրում, որպեսզի կապ ունենան միմյանց հետ։ ATOM-ը կազմված է լինելու երեք մասից։ Առաջին մասը կոչվելու է Ապագայի թանգարան, որտեղ կցուցադրվի, թե կյանքն ինչպիսին է լինելու 20 տարի հետո։ Երկրորդ մասը գիտական կենտրոնն է լինելու։ Երրորդը․ աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնց թվում են Microsoft-ը, Apple-ը, Siemens-ը, IBM-ը, Dassault-ն , Thales-ը, նախնական պայմանավորվածություններ արդեն կան ստեղծելու այնպիսի միջավայր, որը նույն է, ինչ ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում։ Մենք միջավայրի, ինչպես նաև շուկայի կարիք ունենք։ Մենք արդեն ծրագրում ենք ATOM-ի ճարտարապետական լուծումները և արդեն իսկ ունենք շատ հետաքրքիր առաջարկներ»:
Պատասխանելով այն հարցին, թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով ո՞ր ոլորտներում են բացեր ի հայտ եկել, և ինչ լուծումներ կարող են առաջարկել ստարտափները, նախագահ Սարգսյանը երիտասարդներին խորհուրդ է տվել վերլուծել, թե ինչպիսին էր աշխարհը կորոնավիրուսից առաջ և ինչպիսին է լինելու հետո, ինչպես է փոխվելու աշխարհը, և մենք ինչպես ենք փոխվելու: Ինչ վերաբերում է այն ոլորտներին, որտեղ ստարտափները կարող են գործունեություն ծավալել, նախագահն ասել է, որ դրանք բազմաթիվ են:
«Առողջապահության ոլորտում թիրախը պետք է լինեն առանձին անհատի պաշտպանվածությունը և կանխատեսվող համաճարակների կանխարգելումը,- նշել է նախագահ Սարգսյանը:- Հետաքրքիր է լինելու նաև սննդի անվտանգության ոլորտը: Սա շատ էական ոլորտ է բոլոր պետություններում՝ սկսած ԱՄՆ-ից վերջացրած Հայաստանով: Մենք ունենք չորս հարևան երկիր։ Պետք է լինենք ինքնաբավ: Անհրաժեշտ են մեխանիզմներ, որով կարողանանք և՛ արտադրել, վաճառել ավելցուկը, արտահանել այն, և՛ ստանալ մթերք այլ երկրներից: Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախն այս ոլորտում ունեն հսկայական պոտենցիալ՝ նոր տեսակի ուտելիքներ, որոնք կարող են արտադրել նոր տեխնոլոգիաներով և օգտագործելով նոր գաղափարներ:
Ստարտափը միայն էլեկտրոնայինը չէ: Ստարտափը և՛ գյուղատնտեսականն է, և՛ սպասարկման ոլորտը, և՛ ֆինանսական գործիքները,-նշել է նախագահը:- Համաշխարհային շուկայում փոփոխություններ են տեղի ունենում: Դա նշանակում է, որ բանկային համակարգը փոփոխման ճանապարհին է: Մենք գնում ենք դեպի նոր էլեկտրոնային բանկային համակարգ և էլեկտրոնային սպասարկում: Հետևաբար, անհրաժեշտ են լինելու բազմաթիվ գործիքներ, որոնք դուք պետք է ստեղծեք, որպեսզի այդ համակարգերը լինեն արդյունավետ: Ցանկացած ոլորտում անելիք է լինելու: Մենք ավելի ենք գնահատելու մեր առողջությունը, դրա հետ կապված բնապահպանական խնդիրները, ժամանցի կազմակերպումը: Բոլոր ոլորտներում ձեզ համար լինելու են հնարավորություններ»: