«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ասուլիսը՝ համահայկական առցանց համերգին ընդառաջ (Տեսանյութ)
Մայիսի 2-ին՝ Երեւանի ժամանակով 20:20-ին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի YouTube-ի պաշտոնական ալիքով կհեռարձակվի համահայկական մեծամասշտաբ համերգային ծրագիր, որի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում կորոնավիրուսի բուժման ծրագրերին, անհրաժեշտ սարքավորումների եւ դեղամիջոցների ձեռքբերմանը:
Այսօր՝ մայիսի 1–ին, լրագրողների հետ հանդիպմանը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը մանրամասներ է հաղորդել ստեղծված հանձնաժողովի եւ բարեգործության նպատակների մասին:
«Կարծում եմ՝ այս համերգն աննախադեպ է: Հավաքված ամբողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանում Covid19-ի դեմ պայքարի համար սարքավորումներ ձեռք բերելուն: Այս նպատակով ստեղծվել է հասարակական անկախ հանձնաժողով: Հավաքված գումարը բոլոր հաշիվները պետք է հսկվեն մեր խմբի կողմից, իսկ թե ինչ դեղորայք է գնվելու, կորոշեն մեր խմբի համապատասխան ներկայացուցիչները»,– ասաց նա
Արտակ Թովմասյանը տեղեկացրեց, որ օր օրի լայնանում է այն արտիստների շրջանակը, որոնք ցանկանում են միանալ բարեգործական նախաձեռնությանը.
«Համերգը հեռարձակվելու է «Դվին» համերգասրահից, որտեղ կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ինչը հուշում է մեր բոլոր ունկնդիրներին, որ այդ հեռավորությունը պետք է պահել դուրս գալիս: Մնացած երկրներից մեր արտիստները կմիանան տաղավարից կամ տնից, ինչը եւս տանը մնալու ուղերձ է: Անկախ նվիրատվության չափից՝ բոլոր բարերարների անուները կդրվեն մեր ֆոնդի կայքում եւ յութուբյան հեռարձակման ժամանակ: Կարեւոր չէ գումարի քանակը, կարեւորը նրանց մասնակցությունն է մեր համերգին»: