ԱՄՆ ԴՊՀ-ն տոկոսադրույքները թողել է զրոյին մոտ
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքները թողել է զրոյին մոտ եւ կրկնել է «ողջ գործիքակազմը» գործի դնելու խոստումը՝ տնտեսությանը աջակցելու համար շարունակվող կորոնավիրուսային համավարակի պայմաններում, որը կխեղդի տնտեսական աճը ոչ միայն առաջիկայում, այլեւ «էական ռիսկեր» կբերի միջնաժամկետ հեռանկարում, հայտնում է Reuters-ը։
Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում ամերիկյան տնտեսությունը անցել է գործազրկության պատմականորեն ցածր մակարդակից մինչեւ ներկա կետը, երբ գործազրկության նպաստ ստանալու համար դիմող մարդկանց թիվը գերազանցել է 26 միլիոնը:
Տնտեսական ակտիվությունը ցույց է տալիս ամենակտրուկ անկումը Մեծ ռեցեսիայի ժամանակներից հետո, երբ դաշնային եւ տարածաշրջանային իշխանությունները փակեցին կամ սահմանափակեցին շատ ձեռնարկությունների եւ ոլորտների աշխատանքը՝ նոր կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար:
ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտնել է, որ առաջին եռամսյակում ՀՆԱ-ն ընկել է 4,8%-ով: Այսպիսով, ընդհատվել է Ամերիկայի պատմության մեջ տնտեսական աճի ամենաերկար ժամանակահատվածը:
ԴՊՀ բաց շուկայի հանձնաժողովը (FOMC) իր հայտարարության մեջ նկարագրել է համավարակի հետեւանքների ներկա ծավալները. «Նավթի ավելի թույլ պահանջարկը եւ զգալիորեն ավելի ցածր գները զսպում են սպառողական գների սղաճը, իսկ տնտեսական գործունեության խափանումները այստեղ եւ արտերկրում էականորեն ազդել են ֆինանսական պայմանների վրա ու դժվարացրել վարկերի տրամադրումը ամերիկյան տնային տնտեսություններին եւ բիզնեսին»:
Կորոնավիրուսային ճգնաժամը «մոտ ժամանակներս զգալի ճնշում կգործադրի տնտեսական ակտիվության, զբաղվածության եւ սղաճի վրա եւ էական ռիսկեր է ներկայացնում տնտեսական կանխատեսման համար միջնաժամկետ հեռանկարում», հայտարարել է ԴՊՀ-ն եւ խոստացել «այս ծանր ժամանակաշրջանում ԱՄՆ տնտեսությանը աջակցելու համար օգտագործել ողջ գործիքակազմը»։
«Այստեղ ավելի կարեւոր մեկնաբանություն կա այն մասին, որ FOMC-ը անհանգստացած է միջնաժամկետ հեռանկարում տնտեսական կանխատեսման ցածր ռիսկերի համար, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանք կպահպանեն ծայրահեղ հարմարավետ քաղաքականություն մի քանի տարի»,- ասել է Ֆիլադելֆիայում Janney Montgomery Scott-ից Գայ Լեբասը: «Երբ նրանք նման ռիսկի են դիմում եւ ասում են, որ կօգտագործեն իրենց ողջ զինանոցը, սա աջակցության լուրջ հայտարարություն է»,- ասել է Լեբասը:
ԴՊՀ նիստի արդյունքներով հայտարարությունից հետո ԱՄՆ ֆոնդային շուկաները կորցրել են աճի մի մասը, բայց հետո վերականգնել են այն։
Ամերիկյան պետական պարտատոմսերը գրեթե չեն արձագանքել ԴՊՀ-ին, դրանց եկամտաբերությունը մնացել է նույն մակարդակներում: Իսկ դոլարը դիրքերի մի մասը փոխանցել է արժույթների զամբյուղին: