Թրամփը հայտարարել է, որ կառավարությունը չի երկարաձգի սոցիալական հեռավորության իր ղեկավար սկզբունքները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը չի երկարաձգի կորոնավիրուսի հետեւանքով սոցիալական հեռավորության իր ղեկավար սկզբունքներն այն բանից հետո, երբ նրանց ժամկետը հինգշաբթի օրը լրանա։ Նրա փեսա եւ խորհրդական Ջարեդ Քուշները կանխատեսել է, որ մինչեւ հուլիս երկիրը «կրկին կցնցվի», հայտնում է AP-ը։
Թրամփը հայտնել է, որ պլանավորում է վերականգնել ուղեւորությունները նահանգներով՝ սկսելով հաջորդ շաբաթ Արիզոնայից։ Նա ասել է, թե հուսով է առաջիկա ամիսներին զանգվածային քարոզարշավ անցկացնել հազարավոր կողմնակիցների հետ։
Այս տեսլականը հակասում է բժիշկների գնահատականներին, որոնք ասում են, որ երկրին անհրաժեշտ է ընդունել «նոր ստանդարտ», որը ներառում է սոցիալական հեռավորության ընդլայնում եւ դիմակների կրում։ «Ես չեմ ուզում, որ մարդիկ սովորեն դրան։ Ես կարծում եմ, որ նոր նորման այն է, ինչ կար երեք ամիս առաջ»,- լրագրողներին ասել է Թրամփը։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջադ Դիրը Twitter-ում գրել է, որ Թրամփը երեքշաբթի կայցելի Ֆենիքսում Honeywell ձեռնարկություն։ Թրամփը նաեւ ասել է, որ դիտարկում է Օհայո այցի հնարավորությունը։
«Մենք կսկսենք շարժվել եւ կհուսանք, որ մոտ ապագայում մենք կունենանք մի քանի զանգվածային հանրահավաքներ, եւ մարդիկ նստած կլինն կողք կողքի»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե երբ հատկապես կանցկացվեն նման հանրահավաքներ՝ նշելով, որ ժամկետները մասամբ կախված են նահանգներում իրավիճակից, քանի որ որոշներում ավելի քիչ դեպքեր են եղել, քան մյուսներում։