Ֆրանսիան կխստացնի արտաքին ներդրումների սահմանափակումները
Ֆրանսիայի կառավարությունը կխստացնի Եվրոպայի սահմաններից դուրս օտարերկրյա ներդրումների սահմանափակումները ֆրանսիական ընկերություններում` ռազմավարական ոլորտների եւ տեխնոլոգիաների նկատմամբ արտաքին վերահսկողությունը սահմանափակելու նպատակով, հայտարարել է ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը:
Ներկայումս ֆրանսիական ընկերություններում ոչ եվրոպական ներդրումները կառավարության հաստատման կարիքը չունեն, եթե բաժնեմասը 25 տոկոս կամ ավելի քիչ է կազմում: Բրունո Լե Մերը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ խոշոր ընկերություններում ներդրումների համար այդ շեմը կիջեցվի մինչեւ 10 տոկոս, փոխանցում է Reuters-ը:
«Այս ճգնաժամային ժամանակահատվածում որոշ ընկերություններ խոցելի են եւ կարող են ցածր գներով գնվել արտասահմանյան մրցակիցների կողմից: Ես դա թույլ չեմ տա»,- ասել է Լե Մերը:
Տարեսկզբին կառավարությունը խստացրել էր վերահսկողությունը ոչ եվրոպական արտաքին ներդրումների նկատմամբ, մասնավորապես` պետական ստուգման շեմն իջեցնելով 33-ից մինչեւ 25 տոկոս:
Լե Մերը նաեւ ասել է, որ կենսատեխնոլոգիական ընկերություններին կավելացնի այն ոլորտների ցանկ, որոնց համար կառավարության հավանությունն է հարկավոր Եվրոպայից դուրս ներդրումների համար: