ԱՄՆ փոխնախագահը հիվանդանոց այցելելիս հարկ չի համարել դիմակ կրել
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը երեքշաբթի օրը Մինեսոտա նահանգում հիվանդանոց այցելելիս անտեսել է դեմքը դիմակով փակելու խորհրդատվությունը, քանի որ վարակված չէ կորոնավիրուսով։ Իր դիրքորոշումը նա հայտնել է լրագրողների հետ զրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրանց հետաքրքրել է, թե ինչու երկրի փոխնախագահը, ի տարբերություն իրեն ուղեկցող բոլոր պաշտոնատար անձանց, դիմակ չի կրել։ «Որպես ԱՄՆ փոխնախագահ, ես պարբերաբար կորոնավիրուսի ստուգում եմ անցնում, ինձ շրջապատող բոլոր մարդիկ նույնն են անում։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները, հանդես գալով դիմակների մասին խորհրդատվություններով, խոստովանել են, որ կորոնավիրուսի պոտենցիալ կրողները կարող են այդ կերպ կանխել վիրուսի փոխանցումն այլ մարդկանց»,- Փենսի պատասխանն է մեջբերում CNN հեռուստաընկերությունը։
«Քանի որ ինձ մոտ կորոնավիրուս չկա, ես հիվանդանոց այցը համարեցի այնտեղ աշխատողների աչքերին նայելու եւ շնորհակալություն հայտնելու լավ հնարավորություն»,- հավելել է նա։
Ապրիլի սկզբին ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները հստակեցրել են իրենց դիրքորոշումը եւ խորհուրդ տվել, որ ամերիկացիները դեմքը ծածկեն գործվածքներից դիմակներով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ ինքը չի օգտագործի այդ անհատական պաշտպանիչ միջոցը, ինչի համար ենթարկվել է կոշտ քննադատության: Նախագահը, սակայն, իր վարչակազմի անդամներին իրավունք է վերապահել իրենք որոշեն՝ ճեպազրույցների ժամանակ դիմակ կրեն, թե ոչ։
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկությունների հիման վրա, ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 միլիոն դեպք, մահացել է 58 365 մարդ: