«Ոսկե ծիրանը» հետաձգվում է, այն կկայանա նոյեմբերին
«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնն այս տարի հետաձգվում է, այն կկայանա նոյեմբերին: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: «Կարծեմ թե կինոյի աշխարհն այսօր փոխվեց, բայց վստահ եմ, որ կինոն կարևոր է՝ պատմելու համար ինչու ես ապրել, ինչպես ես ապրել և ուր ես գնում:
Դժբախտաբար, փոքր երկրները չեն կարողանում դա հասկանալ, եւ կարծես հասկանալու ժամանակներ էլ չեն: Մենք տեղափոխում ենք փառատոնը նոյեմբեր ամիս: Հույս ունենք, որ այս օրերը կանցնեն և մարդիկ կմտածեն, որ կարեւոր է փառատոնը: «Ոսկե ծիրանը», որ ստեղծեցինք ու ծնեցինք մեծ դժվարություններով, հույս ունենք, որ կվերադառնա: Մենք 17 տարի պահել ու փայփայել ենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, ամեն անգամ աշխարհին պատմել ենք Հայաստանի մասին, ու մարդիկ հիացած գնացել են Հայաստանից եւ գրել լավագույն հոդվածները Հայաստանի մասին… Միգուցե շատերն ասում են, որ մենք կինո չունենք, մահացել է մեր կինոն: Դժբախտաբար իրենք չեն զբաղվում հայկական կինոյով, իրենք չեն բարձրացնում հայկական կինոն, սիրում են ամերիկյան ու եվրոպական հարուստ կինոն…
Մինչդեռ կոպեկներով ստեղծված հայկական կինոն պետք է գնահատել, բարձրացնել, ինչպես քո երեխային: Պետք է սիրես քո երեխային, քո ստեղծածը: Ես արդեն հոգնում եմ այն մարդկանցից, որ ասում են՝ հայկական կինոն մահացել է: Այդ դեպքում հայկական ի՞նչն է մնացել…Եթե փոքր է, իրավունք չունի՞ ապրելու, թույլ է, իրավունք չունի՞ ապրելու, ինչ անենք…Մարդիկ չարացել են, իրավունք են վերապահում իրենց բոլորին հայհոյելու, ամեն ինչ նեգատիվ դարձնելու: Կարծում եմ՝ լուրջ չեն այն մարդիկ, որոնք այսօր նեգատիվով են ապրում»,-նշեց կինոռեժիսորը:
Լուրը հաստատվել է նաև փառատոնի Facebook-ի էջում: