Մոսկվայում բուժաշխատողներից 20 տոկոսի մոտ կորոնավիրուսի դեմ իմունիտետ է հայտնաբերվել
Մոսկվայում յուրաքանչյուր 5-րդ բուժաշխատողը կորոնավիրուսի դեմ իմունիտետ ունի: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է «Ռոպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:
«Առաջին արդյունքները ցույց են տվել, որ իմունիտետ ունեն թեստավորվածներից 20 տոկոսը: Այսպիսի ցուցանիշը կանխատեսումային լավ նշան է»,- ասել է Աննա Պոպովան, հայտնում է «ПД»-ն:
Նրա խոսքով՝ ապրիլի 28-ի դրությամբ թեստավորվել են Մոսկվայի ավելի քան 3200 բուժաշխատողներ:
«COVID-19-ի դեմ իմունիտետով ամենաքիչ թվով աշխատակիցները մանկական ինֆեկցիայի բաժանմունքում են, իսկ մեծահասակների բաժանմունքում նրանք կազմում են գրեթե 30 տոկոս»,- ասել է Աննա Պոպովան:
Նա հավելել է, որ Ռուսաստանում վարակակիրների թվի աճի տեմպը 3,5 անգամ նվազել է, իսկ կորոնավիրուսով վարակվածների շրջանում թոքաբորբի ծանր ձեւերը գրանցվում են 5 տոկոս դեպքերում:
Նշենք, որ Ռուսաստանը վարակվածների թվով հիմա 8-րդ տեղում է: