Թրամփը հրամանագիր է ստորագրել պարենային անվտանգության ապահովման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել պարենային անվտանգության ապահովման մասին, որի նպատակն է խթանել մսի արդյունաբերությունը: Այս մասին նշվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անհրաժեշտ է, որպեսզի տավարի, խոզի մսի եւ թռչնամսի արտադրողները շարունակեն կատարել իրենց պարտավորությունները պարենային մատակարարումների շրջանակներում: Կորոնավիրուսային վարակի բռնկումը մի շարք ձեռնարկությունների հզորությունների կրճատման է հանգեցրել»,- նշվում է փաստաթղթում:
Պարենային անվտանգության մասին հրամանագիրը ստորագրվել է Կորեական պատերազմի տարիներին (1950-1953) ռազմական նշանակության արտադրության մասին օրենքի հիման վրա: Այսպիսով, մսի վերամշակման ձեռնարկությունները կշարունակեն աշխատանքը համավարակի պայմաններում:
Վերջին շաբաթներին ԱՄՆ-ում մսի վերամշակման մի շարք գործարաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը` աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի պատճառով: Մասնավորապես, փակվել են արտարդրամասերը Այովայում, Հարավային Դակոտայում, Մինեսոտայում եւ Իլինոյսում: