Ջոզեֆ Բայդենը Օհայո նահանգում հաղթել է նախնական ընտրություններում
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը ձգտում է Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրմանը, հաղթել է Օհայո նահանգում երեքշաբթի կայացած նախնական ընտրություններում (փրայմերիզում), հայտնում է The New York Times-ը:
Բայդենը ստացել է ընտրողների 72,9 տոկոսի աջակցությունը: Վերմոնթ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որը Վիսկոնսին նահանգում փրայմերիզի անցկացման հաջորդ օրը նախընտրական մրցապայքարից դուրս էր եկել, ստացել է ձայների 15,1 տոկոսը: Ձայների հաշվարկը դեռեւս շարունակվում է:
Օհայոյում քվեարկությունն անցկացվել է կորոնավիրուսի տարածման պայմաններում եւ հեռակա է եղել: Ավելի վաղ 15 նահանգներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ զուգակցվող կղզային պետություն Պուերտո Ռիկոն որոշում էին ընդունել առաջնային ընտրության եւ կուսակցական ակտիվիստների ժողովների անցկացման ժամկետների հետաձգման կամ փոսով քվեարկություն անցկացնելու մասին: Ապրիլի 2-ին Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն առողջապահության ոլորտում աննախադեպ ճգնաժամի լույսի ներքո, որի հետ ԱՄՆ-ն բախվել է, որոշել է Միլուոքիում (Վիսքոնսին նահանգ) համակուսակցական համագումարի անցկացման օրը, որ տեղի էր ունենալու հուլիսի 13-16-ին, մեկ շաբաթով հետաձգել, այն կսկսվի օգոստոսի 17-ին:
Օհայոյում ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցության համագումարին, որտեղ պետք է հայտարարվի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակցի անունը, առաջադրվելու են 136 պատվիրակներ: The New York Times պարբերականի հաշվարկներով՝ Բայդենն արդեն ստացել է ազգային համագումարի 1 352 պատվիրակների աջակցությունը: Նախագահի թեկնածու դառնալու համար համագումարում քվեարկության արդեն առաջին փուլում թեկնածուն պետք է ստանա 1 991 պատվիրակների աջակցությունը:
ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին: