Դավիթ Խաժակյանը կարծում է, որ Մարությանի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվի առանց փաստաթղթերի շինարարության իրականացման համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հին Երևանի» մասին մեր հրապարակումից հետո դատախազությունն ուսումնասիրություն է կատարել և հաղորդագրություն տարածել, որ «քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել»։
Դուք բավարարվա՞ծ եք՝ հարցրինք Դավիթ Խաժակյանին, որը կարծում է, որ Մարությանի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվի առանց փաստաթղթերի շինարարության իրականացման համար. «Իշխանությունն այս հարցում առաջնորդվում է տապոռային մեթոդով, քանզի, եթե կա ապօրինի շինարարություն, գերխնդիրն այն կանգնեցնելն է։ Քաղաքապետարանը պարտավոր էր 1 տարի առաջ կասեցնել «Հին Երևանի» շինարարությունը, օրինականացնել, սակայն աչք է փակել, հիմա էլ փորձում է քրեական գործ հարուցելու ճանապարհով հարցը լուծել՝ դա հեռացնելով իրենից, ըստ էության վնասելով կառուցապատողին ու ներդրումային ծրագիրը»:
Իսկ որևէ մեկը կպատժվի՞։ «Ես տեղեկություն եմ ստացել, որ կառուցապատողը մշտապես փորձել է Մարությանից թույլտվություն ստանալ, սակայն վերջիններս աչք են փակել, բայց երբ հասկացել են, որ աղմուկ է բարձրանում, սկսել են վարչարարություն իրականացնել` դիմել դատախազություն։ Արդյունքում ստեղծվել է իրավական կազուս․ կա կառուցված շենք՝ չկա թույլտվություն»:
Լուծումը ո՞րն է։ «Պետք է լինի կառավարության որոշում և կառավարչական պատասխանատվություն»: Ո՞վ է հասցեատերը։ «Հայկ Մարությանը` ժամանակին թույլտվություն չտալու, ապօրինի շինարարությունը թույլ տալու համար»: Ի՞նչ պատիժ է հասնում։ «Քաղաքացիական պարսավանք․․․ իրավական հետևանքներ լինել չեն կարող»: Ինչպե՞ս. Աբովյանի քաղաքապետի դեմ գործ հարուցեցին, Մարությանին` պարսավա՞նք։ «Այո, փաստացի երկակի ստանդարտներ են կիրառվում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: