Իտալիայում 152 բուժաշխատող է մահացել COVID-19-ից
Իտալիայում արդեն 152 բուժաշխատող է մահացել է կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հաղորդվում է Իտալացի բուժաշխատողների ազգային ֆեդերացիայի կայքում:
Ըստ La Repubblica թերթի` ապրիլի 25-ին կրտսեր բժշկական անձնակազմի շրջանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 34-ի, բացի այդ, COVID-19-ից մահացել է առնվազն 13 դեղագործ:
Ըստ Avvenire թերթի տվյալների` Իտալիայում կորոնավիրուսի հետեւանքով նաեւ 117 հոգեւորական է մահացել: Երկար ժամանակ Իտալիան առաջինն էր կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով: Այժմ այն արդեն երրորդ տեղում է` ԱՄՆ-ից եւ Իսպանիայից հետո: Վերջին տվյալներով` Իտալիայում արդեն 199.414 վարակված կա, իսկ զոհերի թիվը հասել է 26.977-ի:
Կարանտինն Իտալիայում գործում է մարտի 10-ից: Դրանից մի քանի օր առաջ փակվեցին դպրոցներն ու ուսումնական այլ հաստատությունները, ինչպես նաեւ թանգարանները, թատրոններն ու կինոթատրոնները: Այնուհետեւ դադարեցվեց առեւտրային գործունեությունը, փակվեցին ռեստորանները եւ բարերը: Ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությունը դադարեցվեց մարտի 22-ից:
Մայիսի 4-ից Իտալիան նախատեսում է սկսել համազգային կարանտինի մեղմացումը, որը կտարածվի արտադրական ձեռնարկությունների եւ շինհրապարակների վրա. դրանց աշխատանքը կվերականգնվի: Իշխանությունները հայտարարել են զբոսայգիների եւ այգիների բացման մասին, չնայած քաղաքապետերը սահմանափակումների մասին որոշման իրավունք ունեն:
Խանութները եւ ռեստորաններ դեռ չեն բացվի, դրանց աշխատանքտ նախատեսվում է վերսկսել մայիսի 18-ին եւ հունիսի 1-ին համապատասխանաբար: Մարդկանց տեղաշարժի սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ. մարզերի միջեւ այն դեռ արգելված է, եթե չկա հիմնավորված պատճառ: Իսկ երկրի դպրոցները փակ կմնան մինչեւ ուսումնական տարվա ավարտը: