Բրեդ Փիթը ծաղրել է Դոնալդ Թրամփին՝ մարմնավորելով կորոնավիրուսի փորձագետին
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը Saturday Night Live սքեչ-շոուի ընթացքում մարմնավորել է ԱՄՆ գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչիին։ Ընդ որում, ավելի վաղ CNN-ի լրագրողները կատակով հարցրել էին Ֆաուչիին, թե ում կատարմամբ կցանկանար տեսնել իր ծաղրանմանակումը, եւ նա ծիծաղելով ընտրել էր հենց Բրեդ Փիթին։ Բժշկի խնդրանքը կատարել են։
Բրեդ Փիթը կեղծամով եւ ակնոցով նստած է սեղանի շուրջ եւ Ֆաուչիի կերպարում մեկնաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին արտահայտությունները կորոնավիրուսի բռնկման մասին։ ԱՄՆ նախագահը խոստանում է, որ բռնկումը կանհետանա «հրաշքի նման» եւ որ COVID-19-ի պատվաստանյութը կարող է ստեղծվել «հարաբերականորեն շուտով»։
And now, a message from Dr. Anthony Fauci. #SNLAtHome pic.twitter.com/LYemNAWaAT
— Saturday Night Live - SNL (@nbcsnl) April 26, 2020
«Հարաբերականորեն շուտով ինչի՞ հետ կապված։ Երկրի պատմությա՞ն։ Այդ դեպքում, այո՛, պատվաստանյութն, իսկապես, շուտով կհայտնվի։ Բայց օրինակ՝ եթե ընկերոջն ասեք, որ հարաբերականորեն շուտով կգաք, բայց գաք կես տարի անց, նա հարաբերականորեն կզայրանա»,- ասել է դերասանը։
Տեսանյութի ավարտին դերասանը հանել է կեղծամն ու շնորհակալություն հայտնել Էնթոնի Ֆաուչիին եւ առողջապահության բոլոր աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Տեսանյութը YouTube-ում 10 մլն դիտում է հավաքել եւ 150 հազար լայք։