Կառավարության դիմաց մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով միացնել իրենց գազն ու լույսը (Տեսանյութ)
Կառավարության դիմաց մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով միացնել իրենց գազն ու լույսը։
Մինչեւ բողոքի ակցիայի իրականացնելը, քաղաքացիներին մոտեցան ոստիկանները եւ հորդորեցին մեկուսանալ եւ չխախտել պարետի որոշումը.
«Դուք խախտում եք կատարել, որը նախատեսված է վարչական իիրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասով։ Փորձեք ձեր խնդիրը բարձրացնել այլընտրանքային ձեւով»։
Քաղաքացին ասաց, որ փորձել է այլ ձեւով ի խնդիրը բարձրաձայնել, սակայն ոչինչ չի ստացվել։
«Մենք մեկուսացման վայրից դուրս ենք եկել, որովհետեւ չունենք գազ, լույս եւ ունենք երեխա ու չենք կարող մեկուսացած մնալ։ Եկել ենք մեր ընտրած Կառավարության դիմաց՝ մեր բողոքն արտահայտելու՝ առանց գոռոցների եւ առանց ավելորդությունների։ Սա իմ ընտանիքի անդամների համար խիստ անհրաժեշտություն է։ Տանս գազն ու լույս անջատացած է։ Գուցե այս բողոքը տեսնելով պարետը բացառություններ մտցնի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ոստիկանության աշխատակիցը ստուգեց ակցիայի մասնակիցների տեղաշարժման թերթիկները, հայտնեց, որ խախտված է տեղորոշման վայրը եւ վարչական իրավախախտում արձանագրեց։
«Քանի անգամ էլ վարչական իրավախախտում արձանագրեք ու կազմեք, մենք էլի գալու ենք, որ վարչապետը տեսնի ու հասկանա, որ իրեն ճիշտը չեն ասում։ Մենք ոչինչ չենք խախտում. պահում ենք սոցիալական հեռավորություն, ունենք տեղաշարժման թերթիկ, որում գրվածը ոստիկանին չի բավարարում։ Վարչապետը մեզ ասել է, որ մեզ է ծառայում։ Էսօր մարդիկ հացի խնդիր ունեն, 2 ամիս է չեն աշխատում, ինքը 5 րոպե առաջ լայվ է մտնում ու ասում՝ զբոսանքի թույլտվությունները պետք է թեթեւանան. շատ հրատապ հարց է լուծում։ Մենք կոտորվում էինք զբոսնելու ցանկությունից, վարչապետն այսօր լուծեց այդ հարցը»,- ասաց քաղաքացին։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ եկել է Կապանից, իր մեքենան ճանապարհին ոչ ոք չի կանգնեցրել. «Արտակարգ դրությունը բեմականացում է։ Երբ պետք էր քայլեր ձեռնարկել, զբաղված էին «այո»-ի ու «ոչ»-ի քարոզարշավով»։
Ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այդ բողոքով իրենց հոսանքները քիչ առաջ միացրել են. «Մեզ գազի գրասենյակից մարդկանց ասում են, որ վաղն իրենց գազը կտրելու են։ Հոսանքի առումով կարող եմ ասել, որ հիմա երեխաները օնլայն կրթության մեջ են, այդպիսով նրանց կզրկվեն կրթություն ստանալու հավասար իրավունքից»։