WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է WCIT 2019-ի հանրային կապերի պատասխանատու Արմինե Ուդումյանը։
«Ալեքսանդր Եսայանի (Ucom-ի համահիմնադիր) գլխավորությամբ մեր թիմն այնպես աշխատեց, որ մեր երկրին հպարտություն բերեց, WCIT 2019 Yerevan-ը մի շարք ռեկորդներ գրանցեց, համաշխարհային մասշտաբի նորամուծություններ արեց, WITSA-ն (Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը) հիացած արձանագրեց, որ միջոցառման պատմության մեջ ամենահիանալին տեղի ունեցավ:
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում: Հիմա նրանք հավատում են մեզ:
Մոսկվայի կառավարությունը WITSA-ի, Եսայանի ու թիմի հետ քննարկում է նման մասշտաբի մի բան այնտեղ կազմակերպելու հարցը: Թիմը միջազգային է դուրս գալիս. մնացած երկրները սպասում են...
ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը հատկանշական ակնթարթ էր մեր երկրի համար, հնարավորություն՝ աշխարհի ուշադրությունը սևեռելու այն նորարարությունների վրա, որոնք ամեն օր ստեղծվում են հենց Հայաստանում:
WCIT 2019-ը իսկապես կարևոր ու հիշարժան տեխնոլոգիական համաժողով էր, որի հիմքում թիմային մեծ ձգտումն էր, աշխատանքի որակն ու կատարման վարպետությունը: Համաժողովի գերազանց հաջողության հետևում մասնագետների հսկայական թիմ էր, որն աշխատում էր մեկ տեսլականի ու նպատակի համար: Սակայն WCIT 2019-ը Երևանում կայացավ հենց WCIT 2019- ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ԱՏՁՄ նախագահ, «UCOM»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի մեծ ջանքերի ու ներդրման շնորհիվ: Արդյունքում Հայաստանը տեխնոլոգիական կոնֆերանսների նոր չափանիշ սահմանեց ամբողջ աշխարհում:
Ու սա միայն սկիզբն է, քանի որ համաժողովի հայկական թիմն այժմ պլանավորում է կազմակերպել իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում: Մանրամասները՝ շուտով»,– գրել է նա: