Երևանի պուրակներից մեկն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անունով
Երևան քաղաքի ավագանին այսօրվա՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երևանի պուրակներից մեկն անվանակոչել Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Նշենք, որ շուտով այդ պուրակում կվերատեղադրվի նրա արձանը:
Հարցը ներկայացրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը: Նրա խոսքից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը նկատեց. «Ես կարծում եմ՝ այս ամենը կարելի էր ներկայացնել ավելի ուրախ տոնով, որովհետև Լեոնիդ Ենգիբարյանը միշտ ժպիտ է պարգևել բոլորին»:
Որոշման մեջ նշվում է.
«1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Նշենք, որ Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում:
Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը՝ Ենգիբարյանը փորձել է միքանի այլ մասնագիտություններ: 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ, սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի, ինչից հետո տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ:
Լեոնիդ Ենգիբարյանը մինչև 1950-ականների կեսերը լավ արդյունքների էր հասել՝ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: 1952-1953 թվականների մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ: Արդյունքում իր քաշային կարգում գրավում է 3-րդ տեղը: 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր:
1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ:
1959 թվականի հուլիսի 25-ին Նովոսիբիրսկի կրկեսում տեղի է ունենում արտիստի դեբյուտը:
1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ:
1956 թվականից Ենգիբարյանը նկարահանվում էր ֆիլմերում: 1962 թվականին Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը արտիստին առաջարկում են կինոյում խաղալ ինքն իրեն. կրկեսի ծաղրածուի մասին ֆիլմը անվանեցին «Ճանապարհ դեպի կրկես»:
1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի: Նա մեծ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Երևանից և Մոսկվայից բացի՝ Լեոնիդը սիրում էր նաև Պրահան, որտեղ չեխ կնոջից ծնվում է իր աղջիկը՝ Բարբարան:
Կրկեսից բացի Լեոնիդ Ենգիբարյանը հանդես է գալիս մնջախաղի երեկոներով, գրում է արձակ ստեղծագործություններ, շարունակում նկարահանվել ֆիլմերում. Սերգեյ Փարաջանովի՝ «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի՝ «Այբոլիտ-66», «Մանեժում պատանեկություն է», Վասիլի Շուկշինի՝ «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեյի՝ «Վզնոց իմ սերելիի համար» և այլն: Անձամբ արտիստի մասին նկարահանվում են մի շարք այլ ֆիլմեր:
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են՝ «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս ու ստվեր» և այլ մանրապատումներ:
Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 37 տարեկան հասակում 1972 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում՝ իր դեբյուտից ուղիղ 13 տարի հետո նույն օրը: Արտիստի գերեզմանը գտնվում է Մոսկվայի «Վագանկովսկոյե» գերեզմանատանը: 2020 թվականի մարտի 15-ին Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 85 տարեկան:
«Չի կարելի բարձր պաշտոններ վստահել հումորից զուրկ մարդկանց». Լեոնիդ Ենգիբարյան: