Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը. Այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երևանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երևանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:
Որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը. Երևանի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Մահաթմա Գանդիի արձանը Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու համար»:
Հարցը ներկայացրեց Երևանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը՝ նշելով, որ արձանի տեղափոխման և տեղադրման բոլոր ծախսերը պատրաստակամ է կրել հնդկական կողմը:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության գրությունը, որով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները: Գրության մեջ նաև նշվում է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաև կհոգա արձանի Երևան տեղափոխման, պատվանդանի կառուցման և տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:
Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքը իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ:
Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը՝ Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր:
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը հավանության է արժանացել Երևանի գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից, ինչպես նաև համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ:
Մահաթմա Գանդիի արձանի տեղադիրքը Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում կապահովի վերջինիս առավել շահեկան տեսողական ընկալումը տարածության մեջ»: