Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու Թրամփի որոշման հարցով հետաքննություն է սկսել
Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը հետաքննություն է սկսել ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հարցով: Հանձնաժողովը պահանջել է, որ Պետդեպարտամենտը երկու շաբաթվա ընթացքում տեղեկատվություն տրամադրի այդ որոշման վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:
Հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էլիոթ Էնգելը նշել է, որ ԱՀԿ-ն հեռու է կատարյալ լինելուց, եւ ինքը կողմ է կազմակերպության բարեփոխումներին, սակայն, իհարկե, ԱՀԿ-ի ֆինանսավորումը կրճատելը այն ժամանակ, երբ աշխարհը բախվել է COVID-19-ի ողբերգությանը, լուծում չէ։
Պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում կոնգրեսականը Պետդեպին խնդրել է մինչեւ մայիսի 4-ը տրամադրել փաստաթղթերի 11 փաթեթներ կամ ֆինանսավորումը դադարեցնելու որոշման հետ կապված այլ տեղեկատվություն: Եթե դա տեղի չունենա, հանձնաժողովը կդիտարկի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները:
Պահանջվող նյութերը ներառում են միջգերատեսչական խորհրդակցությունների ցանկը, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 1-ից ապրիլի 14-ը, որոնց ընթացքում քննարկվել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, իրավաբանական այն մարմինների ցուցակը, որոնց միջոցով վարչակազմը կիրականացնի հետաքննությունը ԱՀԿ-ի հանդեպ:
Թրամփը ապրիլի 14-ին դադարեցրել է ԱՀԿ-ին ԱՄՆ-ի վճարումները՝ մեղադրելով կազմակերպությանն այն բանում, որ նա «կենտրոնացած է Չինաստանի վրա» եւ քարոզում է Չինաստանի «ապատեղեկատվությունը» կորոնավիրուսի բռնկման մասին։ Թրամփն ասել է, որ իր վարչակազմը հետաքննություն կսկսի: