Ֆրանսիայում գործարկվել է AlloCovid ձայնային օգնականը
Ֆրանսիայում գործարկել են ձայնային օգնական, որը կօգնի կորոնավիրուսի պոտենցիալ ախտանիշներ ունեցողներին եւ նրանց կուղարկի շտապ օգնության ծառայության կամ բժիշկների մոտ։
Հիմա յուրաքանչյուր մարդ Ֆրանսիայում կարող է զանգահարել AlloCovid ծառայությանը, որը մշակվել է ֆրանսիական Inserm հետազոտական ինստիտուտի, Փարիզի համալսարանի եւ ֆրանսիական երկաթգծի SNCF ընկերության կողմից։
Կնոջ ձայնը ողջունում է զանգողներին․ «Բարի օր, ես քո վիրտուալ AlloCovid օգնականն եմ․․․ Դու պատրաստ ե՞ս սկսել հարցաշարը»։ Զանգողին հարցնում են իր փոստային ինդեքսը, բայց ոչ անունը։ Կախված ախտանիշներից եւ նախկինում ունեցած վիճակից՝ նա կարող է ուղարկվել համապատասխան մասնագետների մոտ։
AlloCovid-ի ստեղծողներն ակնկալում են, որ այն ավելի կհետաքրքրի մեծահասակներին, որոնք նախընտրում են սովորական հեռախոսը եւ որոնց համար հասանելի չեն բջջային հավելվածներն ու դրանցում առկա հարցաշարերը։ Այդպիսով իշխանությունները հնարավորություն կստանան հայտնաբերել վարակի նոր օջախներ, երբ մայիսի 11-ին դուրս գան մեկուսացումից։
Համակարգը կարող է միաժամանակ մշակել 1000 զանգ։ Բաժանորդի անանուն տվյալներն ուղարկվում են առողջապահության մարմիններին եւ պահպանվում են 7 օր, որից հետո ոչնչացվում են։