«Atlantis Armenian Airlines» ավիաընկերությունը չարտերային թռիչքներ է իրականացնում դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ
Հայկական «Atlantis Armenian Airlines» ավիաընկերությունը չարտերային թռիչքներ է իրականացնում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ավիաընկերության ֆինանսական տնօրեն Տիգրան Շահվերդյանը:
Ավիաընկերությունը իր ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ են Երեւանից չարտերային չվերթներ իրականացնել դեպի Կրասնոդար, Սոչի, Միներալնիե Վոդի, Ստավրոպոլ, Դոնի Ռոստով, Թբիլիսի, Բաթում, Քութայիս եւ հակառակ ուղղություններով:
«Քաղաքացիները եթե ցանկություն ունեն վերադառնալ կամ մեկնել, պատվիրում են ինքնաթիռ, մենք էլ թռիչք ենք կազմակերպում: Մի հատ պատվեր ենք ունեցել Կրասնոդարից, մեր երկու քաղաքացիների ենք բերել Երեւան»,- ասաց նա:
Ավիաընկերության ֆինանսական տնօրենը պատմեց, որ նախապատրաստվում են թռիչքներ իրականացնել Երեւանից Կապան, սակայն թռիչքները հետաձգվում են օդանավակայանի վերանորոգման աշխատանքների պատճառով:
«Սպասում ենք, որ աշխատանքները ավարտվեն եւ սկսենք թռիչքներ իրականացնել, կարծում եմ՝ 1-2 ամսվա աշխատանքներ են մնացել: Թռիչքի արժեքի մասին չեմ կարող ասել, սակայն հատուկ սակագներ են լինելու, քանի որ բարեգործական ծրագիր է լինելու եւ բավականին մատչելի են լինելու»,- ասաց նա:
Տիգրան Շահվերդյանը նշեց, որ թռիչքները իրականացնելու են նոր «L-410UVP-E20» օդանավով, որը նախատեսված է 19 հոգու համար, սակայն հաշվի առնելով վառելիքի ծախսը, թռիչքների երկարությունը՝ ավիաընկերությունը նստատեղերի թիվը հասցրել է 17-ի, որ կարողանան ուղեբեռ տեղափոխել:
Տիգրան Շահվերդյանը պատմեց, որ պլանավորում էին նոր ինքնաթիռներ ձեռք բերել, սակայն բանակցությունները դադարեցրել են, մինչեւ իրավիճակը կարգավորվի եւ հստակ հասկանան հետագա անելիքները: