Մինչև հիմա Իրանից Հայաստան է տեղափոխվել 850 քաղաքացի. դեսպան
Մինչև հիմա Իրանից Հայաստան է տեղափոխվել 850 քաղաքացի: Այս մասին ապրիլի 27-ին կորոնավիրուսի ազդեցությունը տարածաշրջանի վրա թեմայով քննարկման ժամանակ ասաց Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:
Նա հիշեցրեց, որ մարտի 26-ին և 28-ին կազմակերպվել է Հայաստան 2 ավիաչվերթ: «Ինչպես պարզվեց հետո, մարտի 26-ին Հայաստան են ուղևորվել նաև երկու վարակված քաղաքացիներ, որոնք հետո մեկուսացվել են և արդեն ապաքինվել են: Արտակարգ պայմաններում հաջողվել է կարգավորել սահմանին երթևեկությունը, որը սովորական պայմաններում հատում է երկու կողմից 1500 մարդ, և, ինչն ամենագլխավորն է, ապահովել բեռնափոխադրումների անխափանությունը»,- հավելեց Թումանյանը:
Դեսպանը կարևորեց քաղաքացիներ-դեսպանություն, դեսպանություն-Հայաստանի կառավարություն, 2 երկրների իշխանությունների մակարդակով շփումների հաստատումը նույնիսկ Իրանում ծանր իրավիճակի պայմաններում: