«Մենք պետք է ելույթ ունենայինք Երևանում «Քաղաքացու օրվա» կապակցությամբ, սակայն, ստեղծված կարանտինային իրավիճակից ելնելով՝ ներկայացնում ենք նոր տեսահոլովակ «Զեփյուռի նման»
«ԼադաՆիվա» խումբը ներկայացրել է իր նոր աշխատանքը՝ Աշուղ Շահենի «Զեփյուռի նման» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Խումբը, որի մենակատարը 23-ամյա հայուհի Ժակլին Բաղդասարյանն է, հայտնել է, որ «տեսահոլովակը նկարահանել են, ինչպես կարողացել են»։
«Այսօր մենք պետք է ելույթ ունենայինք Երևանում «Քաղաքացու օրվա» կապակցությամբ, սակայն, ստեղծված կարանտինային իրավիճակից ելնելով՝ փոխարենը Ձեր դատին ենք ներկայացնում նոր տեսահոլովակ «Զեփյուռի նման» երգի հիման վրա: Տեսահոլովակը նկարել ենք այնպես, ինչպես կարողացել ենք»,- ասված է խմբի Facebook-յան էջում։ Երաժշտության հեղինակը Լուի Թոմասն է։
Թեև տեսահոլովակը ժամեր առաջ է հայտնվել համացանցում, մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր դրական մեկնաբանություններ են գրել. «Հիանում եմ, կեցցե՛ք, տաղանդ եք դուք, նորանոր ու շարունակական հաջողություններ եմ ցանկանում», «Կեցցես, աղջիկ, դու շատ յուրօրինակ ես, քեզ հաջողություն է սպասվում», «ախր շատ սիրուն է ամեն ինչ՝ թե ձեր ձայնը, թե ձեր կատարումը, թե ռիթմը»։
Հիշեցնենք, ավելի վաղ «ԼադաՆիվա» խումբը բոլորիս սրտերը գրավել էր «Վայ աման» կատարմամբ:
Նրա մյուս տեսահոլովակը, որ ևս մեծ սեր գտավ երկրպագուների կողմից , «Բինգյոլն» էր: