Դպրոցներում փոխադրական, նա7 ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան
Եկել ենք եզրակացության, որ տարին հեռավարով ենք ավարտելու, առկա լսարանային դասեր չեն լինելու եւ մայիսին եւս հեռավար կրթությունը շարունակվելու է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այս ընթացքում հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել եւ նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարում՝ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին կունենանք շաբաթ օրերին պահուստային օրեր, նաեւ քննարկում ենք ուսումնական տարին 1 շաբաթ շուտ սկսել, բայց էլի մայիսի ամփոփումից է կախված»,–ասաց նա։
Նախարարն անդրադարձավ դպրոցներում փոխադրական քննություններին. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4–րդ եւ 9–րդ դասարանների ավարտին։ Աշակերտների մինչեւ մարտի 13–ն ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվում ե հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաեւ ավագ դպրոցի 10–րդ եւ 11–րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձեւով»։
Նախարարի խոսքով՝ դպրոցներում չեն իրականացվի նաեւ ավարտական քննություններ. «Դպրոցներում ավարտական՝ 12–րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձեւով ինչ 4–րդ եւ 9–րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասն ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել, պահպանել քննության արդյունքը կամ ընտրել տարեկան գնահատականը, որպես ատեստատում քննական գնահատական։ Ամփոփումը կատարվում եւ ատեստատները տրվում են մինչեւ մայիսի 25–ը։ Քոլեջների եւ ուսումնարանների ավարտական դիպլոմային պաշտպանություն եւ քննություններ չեն իրականացվում, ամփոփումը կատարվում է ինչպես դպրոցական ավարտականների դեպքում։ Եթե սովորողը գնահատական չունի 2–րդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքում։ Ամփոփումը կատարվում եւ դիպլոմները տրվում են միչեւ հունիսի 5–ը»։
Հարությունյանի խոսքով՝ քննությունների ժամանակացույցը պայմանավորված է նաեւ զորակոչի հետ. «Ավարտականների դեպքում մենք ունենք շատ կարեւոր անվտանգային խնդիր՝ զորակոչի խնդիրը, մենք այնպես ենք անում, որ որեւէ ձեւ զորակոչին չխոչընդոտենք եւ խնդիրներ չստեղծենք։ Մեզ համար առաջնայինը եղել է դա, որ զորակոչին վնաս չտանք»։