ԱՄՆ նախագահի տիկին Մելանյա Թրամփը համավարակի ֆոնին իր հոբելյանը նշում է Սպիտակ տանը ընտանիքի շրջապատում
ԱՄՆ նախագահի տիկին Մելանյա Թրամփը համավարակի ֆոնին իր հոբելյանը նշում է Սպիտակ տանը ընտանիքի շրջապատում: Նա ինքնամեկուսացման ռեժիմում իր տարեդարձը անցկացնում է Դոնալդ Թրամփի եւ իրենց 14-ամյա որդու՝ Բերոնի հետ: Այս մասին Fox Business հեռուստաալիքին հայտնել է առաջին տիկնոջ մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համացանցում բավական մեծաթիվ շնորհավորանքներ են ուղղվել Մելանյային՝ ուղեկցված լուսանկարներով: «Ամերիկան ուրախ է ունենալու այսպիսի առաջին տիկին»,- Twitter-ում նշել է Թրամփի նոր մամուլի քարտուղար Քելի Մաքինենին: Նախագահն ինքն էլ է կնոջը շնորհավորել իր պաշտոնական ակաունտում: «Շնորհավոր Մելանյայի՝ մեր հոյակապ առաջին տիկնոջ տարեդարձը»,- նշել է նա:
Մելանյա Թրամփը (աղջկական ազգանունը Քնավս) ծնվել է 1970 թվականի ապրիլի 26-ին Սլովենիայի Նովո Մեստո քաղաքում: 16 տարեկանից իր կարիերան սկսել է մոդելային բիզնեսում, ցուցադրություններով հանդես է եկել Միլանում եւ Փարիզում: Նա Դոնալդ Թրամփի հետ ծանոթացել է 1999 թվականին, երբ աշխատում էր Allure ամսագրի համար: Նրանք ամուսնացել են 2005 թվականին, 2006-ին ծնվել է նրանց Բերոն որդին: 2016-ին նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նա դարձել է ԱՄՆ առաջին տիկինը:
Ներկայիս «պաշտոնը» զբաղեցնելով՝ Մելանյան, փորձագետների կարծիքով, ձանձրանում է արարողակարգային իրավասություններից: The Washington Post պարբերականը նախագահի տիկնոջ մասին նշում է, որ նա երկրի պատմության մեջ մամուլի հետ հարաբերություններում ամենաամաչկոտ առաջին տիկինն է: «Թվում է, որ նա իրեն անհարմարավետ է զգում հրապարակային միջոցառումներում: Նա ամուսնուն հազվադեպ է ուղեկցում, ավելի հաճախ է շփվում երեխաների հետ, քան մեծահասակների, եւ գերեթե երբեք հարցազրույց չի տալիս»,- նշում է պարբերականը:
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Մելանյան շատ է զբաղվում բարեգործությամբ, հաճախ է այցելում հիվանդանոցներ, երեխաներին պատմում իր Be Best («Եղիր լավագույնը») ծրագրի մասին, քարոզում է առողջ ապրելակերպ: Իսկ նոր կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ առաջին տիկինը սկսել է համացանցում ակտիվորեն հրապարակել խորհուրդներ համավարակի ժամանակ վարքագծի մասին: Սակայն դրանցից ոչ բոլորն են ստանում ամերիկացիների աջակցությունը, ոմանք նրա ներկայիս հայտարարություններն ու լուսանկարները խիստ քննադատության են ենթարկում:
Համաշխարհային լրատվամիջոցներում նրա կյանքի մասին կասկածելի հրապարակումները բազմիցս հանգեցրել են պարբերականների դեմ հայցերի, որոնք ավարտվել են Մելանյային ներողություն խնդրելով եւ փաստերի խեղաթյուրման պատճառով փոխհատուցում վճարելու պատրաստակամությամբ: Իսկ Կոնգրեսում լսումներից մեկի ժամանակ, որը նվիրված էր Թրամփի իմփիչմենթի գործի քննությանը, փորձագետն իրեն թույլ էր տվել դատողություններ անել Բերոնի մասին, ինչի պատճառով ենթարկվել էր նախագահի տիկնոջ խիստ քննադատությանը: