Թրամփը քննադատել է աշխատավայրում իր սովորությունների վերաբերյալ The New York Times-ի հրապարակումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել The New York Times-ին՝ աշխատավայրում իր սովորությունների վերաբերյալ հրապարակման պատճառով: Սպիտակ տան ղեկավարը համապատասխան գրառումը կատարել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես աշխատում եմ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր՝ ամիսներով չլքելով Սպիտակ տունը, որ պատրաստվեն առեւտրային համաձայնագրերը եւ վերականգնվեն զինված ուժերը: Հիմա ես իմ աշխատանքային ժամանակացույցի եւ ուտելիքի նախապատվությունների վերաբերյալ կեղծ պատմություն եմ կարդում The New York Times-ում՝ գրված երրորդ կարգի թղթակցի կողմից, որն իմ մասին ոչ մի բան չգիտի»,- նշել է Թրամփը:
«Ինձ ճանաչող մարդիկ կասեն, որ ես պատմության մեջ ամենաաշխատասեր նախագահն եմ: Ես աշխատավոր եմ, որը 3,5 տարի լինելով նախագահի պաշտոնում, հնարավոր է՝ ավելին է արել, քան մնացյալ բոլոր նախագահները, ստախոս լրատվամիջոցները դա ատում են»,- նշված է նրա գրառման մեջ:
The New York Times պարբերականի հրապարակման մեջ պնդում կա, որ Թրամփն ավելի շատ ժամանակ է անցկացնում ննջասենյակում, որտեղ կարդում է լրագրերից քաղվածքները եւ հեռուստացույց դիտում, քան աշխատասենյակում: