Աշխարհում մեկ խորհրդարան կա, որի ճանաչելու դեպքում մեր ցավը կվերջանա․ Կարո Փայլան (Տեսանյութ)
Դժբախտաբար, 105 տարի անց էլ Թուրքիան չի առերեսվել Հայոց ցեղասպանության իրողության հետ։ Այս մասին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող ընկերակցության Ֆեսբուքյան էջից հայությանը հղած ուղերձում ասել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը։
«Թուրքիայի խորհրդարանից բարեւում եմ ամբողջ աշխարհի հայերին։ Ամբողջ աշխարհի հայերը պայքարում են Հայերի ցեղասպանության ճանաչման համար, ես էլ Թուրքիայի խորհրդարանում եմ պայքարում այդ ուղղությամբ եւ ջանք չեմ խնայում արդարության համար։ Հավատում եմ, որ աշխարհում մեկ խորհրդարան կա, որի ճանաչելու դեպքում մեր ցավը կվերջանա։ Դա Թուրքիայի խորհրդարանն է։ Հարգանքի տուրք եմ մատուցում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի եւ Սեւակ Բալըքչըի հիշատակին», ասել է Թուրքիայի ԹԱՄԺ-ի հայազգի պատգամավորը։
Հիշեցնենք, որ Սեւակ Բալըքչըն Թուրքիայի Զինված ուժերում ծառայելու ընթացքում սպանվել է 2011 թվականի ապրիլի 24-ին։ Պոլսահայ համայնքային գործիչներից շատերը համարում են, որ նա սպանվել է հայ լինելու պատճառով եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավին ի պատասխան։