Լրագրող Ջոն Քրիսթին հուշեր է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին
Լրագրող Ջոն Քրիսթին հուշեր է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին` «Ուենտուորթ արքայազնի փողոցը» անունով, հայտնում է RockPort-ը:
Երբ լրագրող Ջոն Քրիսթին դժվարությունների էր հանդիպել սեփական կյանքում, որոշել էր օգտագործել իր լրագրողի հետազոտական հմտությունները` սեփական պատմությունը ներկայացնելու համար:
«Այն, ինչ նա իմացել էր իր ընտանիքի անցյալի մասին, բացել էր նրա աչքերը աշխարհին, որը նա երբեք չէր կարող պատկերացնել` աշխարհ, որն ապրում է ցեղասպանության ստվերում»,- նշվում է հոդվածում:
1909 թվականին Քրիսթիի տատիկը` Գուլենիա Հովսեփյանը, որն իր ընտանիքի հետ ապրում էր Թուրքիայում, ինը տարեկան էր: Մի օր նրա ընտանիքն աղջկան ուղարկել էր գյուղից դուրս կովերին արածեցնելու: Նրան վազելով մի տղա էր մոտեցել եւ ասել, որ նրա նմանների հետեւից զինված մարդիկ են եկել: Տղան ասել էր, որ աղջկա հորն արդեն սպանել են, իսկ ընտանիքի մնացած անդամներին հաջողվել է թաքնվել: Իր հուշերում Ջոն Քրիսթին պատմություններ է պատմում, որոնք իրեն ժամանակին պատմել է տատը, այդ թվում նաեւ` 1919 թվականին Թուրքիայից փախնելու մասին, երբ նա ընդամենը 19 տարեկան էր:
Առաջին աշխարհամարտից հետո նա հարս էր եկել Ամերիկա: Նա ոչ միայն վերապրել էր Մեծ դեպրեսիան, այլեւ վեցը երեխա էր մեծացրել ամուսնու անսպասելի մահից հետո: Այնուհետեւ նա ականատես էր եղել, թե ինչպես են իր սեփական երեխաները պատերազմ գնում:
«Չբախվելով խնդիրներին, որոնք վերապրել է նրա տատիկը, սակայն լսելով նրա վառ պատմությունները դժբախտության առջեւ հաղթանակի մասին»` Ջոն Քրիսթին կարողացել է ուժ առնել նրա ժառանգությունից, եզրափակել է հոդվածագիրը: