ԱՄՆ-ն աշխարհի երկրների հետ քննարկում է համավարակի հետ կապված պարտավորությունների չկատարումը Չինաստանի կողմից
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարցազրույց է տվել լրագրող Բեն Շապիրոյին, որի ընթացքում պատմել է ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող քայլերը կորոնավիրուսի համավարակի հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Հարցազրույցի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում:
Ըստ նրա` երկիրը շատ քայլեր է ձեռնարկում: Նախ, դիվանագիտական ուղիներով կապեր են հաստատվում աշխարհի երկրների հետ` դրանց տնտեսությունների վերսկսման եւ միջազգային տուրիզմի վերականգնման հարցում օգնություն ցուցաբերելու համար:
«Մենք նաեւ աշխատում ենք այս երկրների հետ` համոզվելու համար, որ նրանք հասկանում են, որ այս վիրուսը ծագել է Ուհան քաղաքում` Չինաստանում, որ Չինաստանի կառավարությունն արդեն 2019-ի սեպտեմբերին հաստատ գիտեր դրա մասին:
Եվ նրանք` որպես պետություն, չեն կատարել իրենց ամենահիմնարար պարտականությունները եւ, ինչը կարեւոր է, չեն պահպանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային առողջապահական կանոնները, իսկ հետո շատ բան են արել (եւ մենք դրա մասին կարող ենք շատ երկար խոսել) դա թաքցնելու համար: Ահա, այսպիսի հարցեր մենք պետք է լուծենք»,- նշելլ է ԱՄՆ պետքարտուղարը: