Ղազախստանում հարգել են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը (Լուսանկարներ)
Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենսկի տաճարում տեղի ունեցավ բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայերի ցեղասպանության սրբադասված նահատակների: Այս մասին ասված է Ղազախստանում Հայաստանի դեսպանատան Ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ապահովվեց նաև արարողության հեռարձակումը ուղիղ եթերով», նշված է հաղորդագրությունում:
Արարողությանը մասնակցել են Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները:
Կարգն անցկացրել է Նուր-Սուլթանի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգիյ Կարամիշևը կողմից:
Գագիկ Ղալաչյանը ներկայացրել է օրվա խորհուրդը, ընդգծել, որ ցեղասպանության փաստն ընդունելը և դատապարտելն ունեն զսպող նշանակություն աշխարհում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման գործում, շնորհակալություն հայտնել Ս.Կարամիշևին ռուս ուղղափառ եկեղեցու տարածքում հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունը պարբերաբար ստեղծելու և եղբայրական եկեղեցու ցուցաբերած համերաշխության համար:
Այնուհետև ՀՀ դեսպանը ծաղկեպսակ է դրել տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով Սուրբ նահատակների հիշատակին:
Ըստ դեսպանատան հաղորդագրության՝ Ղազախստանի մյուս հայ համայնքների, այդ թվում՝ Ալմաթիի, Ակտոբեի, Ակտաուի, Ատըրաուի, Ուստ-Կամենոգորսկի ներկայացուցիչները ևս, հնարավորության դեպքում, հաշվի առնելով և պահպանելով երկրում հայտարարված կարանտինային ռեժիմի սահմանափակումները, հարգանքի տուրք են մատուցել Հայերի ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Ապրիլի 24-ի տվյալներով «HyeID» առցանց արդարության երթին միացել է Ղազախստանի և Ղրղզստանի տարածքում գտնվող 683 անձ: