Ավելի քան 2 հազար ՀՀ քաղաքացի դեռ շարունակում է մնալ հերթագրված եւ սպասում է ՀՀ մեկնելու իր հերթին. ՌԴ-ում ՀՀ դեսպան
Ավելի քան 2 հազար ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված եւ ազգականների/հարազատների մոտ կամ դեսպանության կողմից տրամադրված կացարաններում սպասում է մեկնելու իր հերթին: Այս մասին Faxcebook-ի իր էջում գրել է Ռուսաստանի ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի հայրենակիցներ,
Վերջին օրերին մենք բոլորս ականատես եղանք մեր մի քանի հարյուր հայրենակիցների մոսկովյան առօրյային, մասնավորապես՝ նրանց, ովքեր հայրենիք մեկնելու ճանապարհին հայտնվել էին անելանելի իրավիճակում՝ ստիպված լինելով գտնվել օդանավակայանի սպասասրահներում եւ ժամանակավոր կացարաններում։
Նախ կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել ինչպես Ռուսաստանի մեր հայրենակիցներին, բարերարներին, ովքեր աջակցեցին դեպի Հայաստան չվերթների անվճար կազմակերպմանը, այնպես էլ հասարակական կազմակերպություններին եւ առանձին անհատներին, ովքեր օրուգիշեր մեզ հետ միասին գտնվեցին քաղաքացիների կողքին։
Այս ամիս կազմակերպվեց 7 չարտերային չվերթ՝ ապահովելով մոտ 1500 քաղաքացու վերադարձը Հայաստան։
Այդուհանդերձ, ավելի քան 2 հազար ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված եւ ազգականների/հարազատների մոտ կամ դեսպանության կողմից տրամադրված կացարաններում սպասում է մեկնելու իր հերթին՝ դրսեւորելով համբերություն, քաղաքացիական տոկունություն եւ հավասարակշռվածություն։
Ցավոք, պետք է արձանագրել նաեւ այն, որ մի շարք մեր հայրենակիցներ, անտեսելով ստեղծված բարդ իրավիճակը, փորձում են իրենց հուզող խնդիրները ներկայացնել որպես առաջին օգնության հրատապ ազդանշան, իսկ կացության խնդիր ունենալու հանգամանքը՝ դարձնել Հայաստան մեկնելու վերջնագիր ու ճնշման մեթոդ։
Վստահեցնում եմ, որ ՀՀ Պարետատան, ԱԳՆ-ի եւ մեր անմիջական ուշադրության կենտրոնում շարունակում է գտնվել մեր քաղաքացիների վերադարձի ապահովման հարցը։ Բայցեւ, պետք է նկատի ունենալ, որ այն կապված է մի շարք խնդիրների հետ՝ պայմանավորված աշխարհում կորոնավիրուսի տարածման եւ մեր երկրում Ձեր իսկ ընդունման հնարավորությունների հետ։
Հարգելի հայրենակիցներ,
Թախանձագին խնդրում եմ մինչեւ հատուկ կարանտինային ռեժիմի ավարտը զերծ մնալ հասարակական վայրերում, մասնավորապես՝ օդանավակայանում հավաքվելու միտումից, քանի որ դա խախտում է ՌԴ գործող օրենսդրությունը, ներկայումս սահմանված կարգը եւ կարող է դառնալ լուրջ իրավախախտումների պատճառ, այդ թվում՝ քրեական։
Ամենայն պատասխանատվությամբ կրկին հավաստիացնում եմ, որ մինչեւ հայրենիք մեկնելը ՀՀ որեւէ քաղաքացի չի մնա անօթեւան Ռուսաստանի Դաշնության տարածքում»: