Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը պատմական ճշմարտության համար․ Փարիզի քաղաքապետ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ստիպված է եղել չեղարկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայ համայնքի համար ամենամյա ընդունելությունը, որը ապրիլի 24-ին ավանդաբար անցկացվում է ֆրանսիական մայրաքաղաքի քաղաքապետարանում։
Այս տարի Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցը տեղի է ունենում բացառիկ պայմաններում, որոնք առաջացել են առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Այդ պատճառով Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի առաջնորդների հետ համաձայնեցմամբ ես ստիպված եմ չեղարկել ապրիլի 14-ի ամենամյա ընդունելությունը։ Ես ներողություն եմ խնդրում եւ գիտեմ, որ դուք բոլորդ հասկանում եք, որ ծայրահեղ կարեւոր է պահպանել կառավարական հրահանգները»,- իր ուղերձում նշել է Իդալգոն։ Նա հավելել է, որ Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի առաջնորդների հետ ծաղկեպսակ կդնի Կոմիտասի հուշարձանին։
«Եթե մենք չկարողանանք այս տարի արժանին մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, մենք, միեւնույն է, պետք է հիշենք նրանց Հիշատակի այս ազգային օրը։ Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը պատմական ճշմարտության համար, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել ողջ աշխարհում։
Մնացեք մեզ հետ՝ ձեր առողջությունը բացարձակ առաջնահերթություն է։ Սակայն եկեք հավատարիմ մնանք հիշատակի տուրքին, որքան էլ դժվար լինի իրավիճակը այս պահին ինչպես Փարիզում, այնպես էլ Հայաստանում եւ Արցախում, որոնք, որքան ես գիտեմ, շատ են տուժել համաճարակից։
Ես վստահ եմ, որ մենք հաջորդ տարի նորմալ պայմաններում հարգանքի տուրք կմատուցենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մինչ այդ, առողջ մնացեք»։