Օնտարիոյի վարչապետը Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել
Օնտարիոյի վարչապետ Դուգ Ֆորդը Հայոց ցեղասպանության 105-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, հայտնում է Horizon Weekly-ն։
«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել հայ համայնքի անդամներին եւ բոլորին, ովքեր հարգում են 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Տորոնտոյում գործող Հայոց ցեղասպանության հիշատակի հանձնաժողովին՝ այդ կարեւոր իրադարձության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։
Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին։ Մենք սգում ենք նրանց համար, ովքեր ողբերգական կերպով զոհվեցին պատմության այդ մութ ժամանակաշրջանում, եւ մենք հիշում ենք նրանց, ովքեր ստիպված էին լքել իրենց տները»,- հավելել է նա։
«Այդ մռայլ իրադարձությունը վառ հիշեցում է բռնությունից եւ անարդարությունից զերծ աշխարհի կառուցումը շարունակելու անհրաժեշտության մասին։ Ես ասում եմ ձեզ որպես այն նահանգի վարչապետ, որը գնահատում է իր բազմազանությունը եւ մեծ նշանակություն է տալիս խաղաղ ու ներդաշնակ հասարակությանը»,- հայտարարել է Դուգ Ֆորդը։