Եվրամիությունը 10 հարևան երկրներին 3 մլրդ եվրո կհատկացնի. Ուկրաինան ստանալու է ամենամեծ գումարը՝ 1,2 մլրդ եվրո
Եվրամիությունը որոշել է հարևան երկրներին 3 մլրդ եվրո հատկացնել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարի համար: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որն այսօր տարածվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության 10 գործընկերներին 3 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթի տրամադրման մասին առաջարկին՝ նրանց օգնելու համար սահմանափակել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները»,- նշված է փաստաթղթում:
Նշված է, որ Ուկրաինան ստանալու է ամենամեծ գումարը՝ 1,2 մլրդ եվրո:
Դրանից բացի, օգնություն է հատկացվում Ալբանիային (180 մլն եվրո), Բոսնիա և Հերցեգովինային (250 մլն եվրո), Վրաստանին (150 մլն եվրո), Հորդանանին (200 մլն եվրո), Կոսովոյին (100 մլն եվրո), Մոլդովային (100 մլն եվրո), Մոնտենեգրոյին (60 մլն եվրո), Հյուսիսային Մակեդոնիային (160 մլն եվրո) և Թունիսին (600 մլն եվրո):
«Միջոցները կտրամադրվեն ավելի քան 12 ամսվա ընթացքում` բավականին բարենպաստ պայմաններով վարկերի տեսքով` այդ երկրներին իրենց անմիջական, հրատապ ֆինանսական կարիքները հոգալ օգնելու համար: Միևնույն ժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ այս միջոցները կարող են նպաստել մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը և պայմաններ ստեղծել քաղաքացիների պաշտպանության նպատակով միջոցների հատկացման եւ կորոնավիրուսի համավարակի բացասական սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին և Եվրախորհրդարանին կոչ է արել անհապաղ հաստատել այդ որոշումը` օգնության առաջին տրանշի տրամադրմանն անցնելու համար:
Համավարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 2.5 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 175 հազար մարդ մահացել է: