Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ընին առողջություն է մաղթել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին առողջություն է մաղթել:
Ճեպազրույցին մասնակցող լրագրողներից մեկը ԱՄՆ նախագահին հարց է ուղղել Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջական վիճակի մասին:
«Դե, այդ տեղեկությունները հայտնվել են, եւ մենք չգիտենք, մենք չգիտենք: Ես նրա հետ շատ լավ հարաբերություններ ունեի... Կարող եմ միայն ասել, որ նրան առողջություն եմ մաղթում: Քանի որ եթե նա այն վիճակում է, ինչի մասին նշված է տեղեկություններում... դա անչափ ծանր վիճակ է»,- նշել է ԱՄՆ նախագահը:
«Բայց ես նրան առողջություն եմ մաղթում: Մենք լավ հարաբերություններ ունեինք: Ես այդ մասին ասել եմ: Ես այդ մասին բազմիցս եմ ասել: Եթե այդ դիրքում լիներ որեւէ մեկ ուրիշը, մենք հենց հիմա Հյուսիսային Կորեայի հետ պատերազմական վիճակում կլինեինք: Իսկ մենք չենք պատերազմում: Մենք անգամ մոտ չենք Հյուսիսային Կորեայի հետ պատերազմին»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի մոտ առողջական լուրջ խնդիրների մասին: Հյուսիսային Կորեայում, սակայն, այս տեղեկությունը հերքել էին՝ հայտարարելով, որ երկրի առաջնորդի առողջության վատթարացման որեւիցե նշան չեն նկատել: