Գեղարքունիքի մարզում Porsche Cayenne-ի մեջ հրազենով 36-ամյա տղամարդուն սպանած նրա ազգականը կալանավորվել է
Ապրիլի 20-ին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Կիրակոսյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ով կասկածվում է Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանին հրազենով սպանելու մեջ։ Աղբյուրի տեղեկություններով՝ սպանություն կատարողն ու սպանվածը ազգականներ են, սպանվածը սպանողի քեռու տղայի փեսան էր, նա զբաղվում էր ավտոմեքենաների առք ու վաճառքով։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին վարորդի՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։ Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ նրա վրա կար հրազենի վնասվածք։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էին նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազները։
Մինչ տեղում աշխատում էր դատական բժիշկը, Գեղարքունիքի մարզի ոստիկանները կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներր, նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև հանցագործության գործիք՝ «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանը։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Սպանության կասկածանքով կալանավորված 32-ամյա Արթուր Կիրակոսյանն է