«Ես Հայաստանում եմ». «Вечерний Ургант»-ի եթերում Նատալյա Եփրիկյանը պատմել է Ջերմուկում կարանտինի մասին (Տեսանյութ և Լուսանկարներ)
Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ТНТ-ի աստղ, «Comedy Woman» հեռուստանախագծի պրոդյուսեր Նատալյանը Եփրիկյանը չի կարողանում Հայաստանից դուրս գալ։ Նա այստեղ անցկացնում է կարանտինը՝ Instagram-ում լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելով «Հայաստան էիր ուզում, ստացիր» հեշթեգով։ Այնպես է ստացվել, որ Նատալյան ծննդյան օրը նշել է պատամական հայրենիքում, ինչի համար, ըստ ամենայնի, միայն ուրախ է։
Իսկ երեկոյան նա կապ է հաստատել ռուսական «Առաջին ալիք»-ով «Вечерний Ургант» հաղորդման վարողի հետ։ «Ծննդյանդ օրը դու տանը չես նշել»,- ասել է Ուրգանտը։ Ի պատասխան ТНТ-ի աստղը նկատել է. «Ոչ, ինչպե՞ս թե տանը չեմ նշել… Չեմ կարող ասել, որ ես այստեղ տանը չեմ։ Ես Հայաստանում եմ»…
«Ես նախքան կարանտինն այստեղ եմ եկել մի քանի գործով։ Ծրագրում էի ապրիլին լինել Վրաստանում… Սահմանները փակվեցին, բայց այլ հնարավորություններ բացվեցին։ Կարծում եմ՝ հիմա կարող եմ ամեն ինչ պատմել Հայաստանի մասին, ցույց տալ բոլոր լեռները, ես գիտեմ բոլոր գույները, երանգները, երբ է սարերում ձյուն գալիս, երբ է մառախուղ լինում։ Ես հայտնվեցի Ջերմուկ անունով զարմանալի վայրում։ Հաստատապես, շատերն են խումհարը հաղթահարել այս հիանալի ջրով, իսկ ես այն խմում էի, ես դրանով բուժում էի հոդերս… Ամբողջ երեք շաբաթ, Վանյա»,- պատմել է Եփրիկյանը։
Իվան Ուրգանտի հարցին, թե ինչպես է կարանտին անցնում Հայաստանում, եւ ինչպես են տալիս թույլտվությունները, Նատալյան պատասխանել է. «Հյուրանոցում մեզ անցագիր էին տալիս, մենք լրացնում էինք՝ ուր ենք գնում։ Ի՞նչ ես կարծում՝ ուր կարելի է գնալ Ջերմուկում։ Ջուր խմելու եւ երկրորդը՝ գուշակիր։ Ջրվեժ։ Համապատասխանաբար, լրացնելով բլանկը, գրում էի. «Ուր՝ ջրվեժ։ Նպատակը՝ նայել ջրվեժին։ Ես այդպիսի 80 բլանկ ունեմ։ Հեռավորությունը պահպանել ենք։ Այնտեղ առհասարակ մարդ չկար… Բայց մի օր՝ առավոտյան ժամը 9-ին, պրոցեդուրայի ընթացքում ֆոյեում հարսանիքի հանդիպեցի։ Մեծ քանակով մարդիկ՝ թմբուկներ, քող, հարազատներ։ Երգում էին, պարում։ Միայն ես, իմ կարծիքով, մնացի անվտանգ հեռավորության վրա, քանի որ ամբողջ անձնակազմը ախտահանիչներով սկսեց պարել. իբրեւ թե վախեցնող է, բայց չեն կարող չպարել…»:
Ուրգանտը հացրել է. «Նատաշ, իսկ երբ ես մտածում վերադառնալ»։ «Վանյա, գիտես՝ ես այստեղ դադարել եմ մտածել։ Ես ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Ես վառել եմ բուխարին, ընթրել… Բացի քեզանից՝ ինձ ոչ ոք չի զանգում։ Բոլորն, ովքեր ինձ չեն զանգել, ես գոնե հիմա կասեմ, հետո էլ մի զանգեք…»: