ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2.9 միլիարդ դոլարի չափով նախնական օգնություն է հատկացրել երկրի ավիաընկերություններին
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկուշաբթի հայտարարել է, որ 2,9 միլիարդ դոլար նախնական օգնություն է հատկացրել երկրի ավիաընկերություններին, որոնք տուժել են կորոնավիրուսի համավարակից, հայտնում է Reuters-ը:
Մասնավորապես, ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել երկրի 54 փոքր ավիափոխադրողի եւ երկու հիմնական ուղեւորատար ավիաընկերություններին:
Նախարարությունն ի սկզբանե հիմնական ավիաընկերություններին տրամադրել էր նախատեսված միջոցների 50 տոկոսը, իսկ մնացածը տրվել է մի շարք վճարումների տեսքով:
Ընդհանուր առմամբ, ուղեւորատար ավիաընկերություններին 25 միլիարդ դոլար է հատկացվել` աշխատողներին աշխատավարձ տրամադրելու հետ կապված ծախսերի համար: Ընդ որում, հիմնական ավիաընկերությունները պետք է փոխհատուցեն իրենց հատկացված միջոցների 30 տոկոսը ցածր տոկոսադրույքներով: Իսկ ավիաընկերությունները, որոնք 100 միլիոն դոլար կամ դրանից պակաս են ստանում, ստիպված չեն լինի փոխհատուցել տրամադրված ֆինանսական աջակցությունը: