Գիլյոտին՝ եթերային անփութության համար. Պետրոս Ղազարյանին այլ պաշտո՞ն է առաջարկվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իր հեռացման մասին Հանրային հեռուստաընկերության արդեն նախկին գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հայտնեց պաթետիկ, ոչ անկեղծ գրառումով: «Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը, եւ անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից»։ Գրիգորյանը հիշեցնում է, որ նախկինում շատ միջոցառումներ են հեռարձակվել, որոնց համար «կիսել է իր աշխատակիցների հետ շնորհակալության եւ գովեստի խոսքերը»։ «Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը»,- գրել է նախկին տնօրենը։
Շատերը թեթեւացած շունչ քաշեցին, քանի որ հայտնի սոցցանցում հաճախ էին նրա հրաժարականի պահանջները լսվում: Երեկ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաեւ լրատվական-վերլուծական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանը եւ վարչապետի ուղերձի ուղիղ եթերի պատասխանատու Վարդան Հակոբյանը: Այսօր Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նիստ է նշանակված, որի ընթացքում կքննարկվեն հրաժարականները:
Մեր տեղեկություններով, Պետրոս Ղազարյանին այլ պաշտոն է առաջարկվել: Հանրային հեռուստաընկերության պատմության մեջ սա, թերեւս, ամենախոշոր սկանդալն էր, երբ երկրի ղեկավարի ելույթի հեռարձակման խախտումների համար մարդիկ են ազատվում աշխատանքից:
Նիկոլ Փաշինյանի խոտանված տեսաուղերձի տեխնիկական ազդանշանի փորձարկման կադրերի արտահոսքն աննախադեպ «կիքս» է համարվել։ Նա մոտ 15 րոպե եթերում էր, հազում էր, հաբ էր խմում, անկանոն շարժումներ անում, ինչը նորմալ է եթերին նախապատրաստվողի համար, սակայն տեխնիկական այս ազդանշանն ընդունած հեռուստաընկերություններից մեկն այդ կադրերի հիման վրա վարչապետին ծաղրող հոլովակ պատրաստեց, եւ դա ճակատագրական դեր խաղաց հանրայինի աշխատողների համար:
Արդեն մի քանի օր է, փորձում են պարզել, թե ով է մեղավոր: Ըստ որոշ տեղեկությունների, Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը փորձել է կապվել կառավարության աշխատակազմի հետ, նույնիսկ գնացել է կառավարություն, ներկայացրել է, որ իր թիմը շատ փորձառու ու պրոֆեսիոնալ է, եւ բոլոր քայլերը համաձայնեցվել են վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի հետ: Եվ ներկայացրել է այն, ինչ արդեն հայտնի է ուղիղ եթերի պատասխանատու Վարդան Հակոբյանի գրառումից՝ որ նախքան եթեր մտնելը զգուշացրել է, որ «Rec» կոճակը սեղմված է, որ վարչապետի մամուլի քարտուղարը պետք է տեղյակ պահեր վարչապետին, ինչը չի արել, որովհետեւ չի հասկացել, թե ինչ է նշանակում «Rec ենք»։
Ըստ խոսակցությունների, վեճ է տեղի ունեցել Մանե Գեւորգյանի ու Մարգարիտա Գրիգորյանի միջեւ։ Վերջինս ասել է՝ այդպես է լինում, էլի, որ մարդը ոլորտի հետ կապ չունի, հորդորել է՝ «սլիվներն ու կիքսերը ման եկեք ձեր մեջ, ոչ թե Հ1-ում», ապա անջատել է հեռախոսը։ Ասում են, սա նրանց առաջին կոնֆլիկտը չէ:
Չնայած Մանե Գեւորգյանը հերքում է, որ Մարգարիտա Գրիգորյանի հետ ուղերձի հետ կապված վեճ է ունեցել: «Ես առանձնազրույց իր հետ չեմ ունեցել, բոլոր մեղադրանքները հրապարակային են եղել»,- ասաց նա մեզ: Իսկ իր էջում գրել էր, որ հեռուստաընկերությունը չպետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: «Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5, 10, 15 կամ 20 րոպե առաջ...», ապա մեղադրել էր հանրայինին՝ թափթփված աշխատաոճի ո ւ անտեղյակության համար:
Պատասխանելով մեր հարցին, թե որեւէ ուսումնասիրություն արվո՞ւմ է արտահոսքի հետ կապված, Փաշինյանի խոսնակը պատասխանեց. «Հարցը, թե տեսանյութը ոնց է համացանցում հայտնվել, ուսումնասիրվում է»:
Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները եւս քննարկում են խոտան-ուղերձը: Հ1-ում այն անփութության հետեւանք են համարում: «Մենք ռեկ ենք, զապիս ենք, եսիմինչ ենք: Եթե դա մտել է ուղիղ եթեր, դա նախեւառաջ պուլտի մոտ նստած ռեժիսորի սխալն է: Որքան հասկացա, ելույթը կառավարության շենքից է հեռարձակվել, ուրեմն, շարժական կայանի՝ ПТС-ի պուլտին նստած ռեժիսորը, որը տալիս է ազդանշանը, պետք է այնպես դա աներ, որ զիբիլ եթեր չգնար: Եթե նրան ասել են, որ քո սիգնալը գնում ա այլ TV-ներ, նա իրավունք չուներ զիբիլ տալ եթեր: Իսկ եթե թերացավ ու տեսավ, որ զիբիլ ա գնում, պետք է գոնե ГЦП-ի (գունավոր շերտերի գեներատորի) նշան դներ:
Երկրորդը․ այդ սիգնալն ընդունող եթերայինի աշխատողը, որը նստած է հանրային հեռուստատեսության եթերայինում, եթե տեսավ, որ նման բան է կատարվում, պետք է զանգեր ՊՏՍ ու հարցներ, թե ինչ ա կատարվում: Նա եւս կարող էր ԳՑՊ դնել կամ այլ կադր: Թե չէ, Մանեն իմացել ա, որ ռեք ենք, չի իմացել: Մանեն ի՞նչ պարտավոր է ձեր լեքսիկոնը հասկանալ: Դրանք տեխնիկական մասնագետներին հասու հարցեր են: Տվյալ դեպքում ամբողջ ցեպոչկան չի աշխատել»,- ասաց եթերային բաժնի նախկին պետերից մեկը։
Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: