Սերժ Սարգսյանի՝ ԱԺ այցից հետո մի շարք նոր հարցեր են առաջ քաշվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երբ ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին` պատասխանելու հարցերին, պարզվում է՝ դրանք մի շարք նոր հարցեր են առաջ քաշել: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի տված տվյալների հիման վրա հանձնաժողովն այս օրերին քննարկում է եւս մի քանի անձի հրավիրելու եւ արդեն վերջնական եզրակացության տալու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ արդեն քննարկվել է ապրիլի 27-ին նիստ հրավիրելու հարցը, որտեղ հնարավոր է վերը նշված ցանկի պաշտոնյաններից մեկը ներկա գտնվի:
Բանն այն է, որ հունիսին ավարտվում է քննիչ հանձնաժողովի աշխատանքային ժամկետը, ու այլեւս հնարավորություն չկա այն երկարաձգելու, ինչի համար էլ հանձնաժողովը պետք է առաջիկայում արդեն ավարտի հարցաքննության իր աշխատանքները ու եզրակացություն ներկայացնի:
Նշենք, որ ԱԺ իշխանական խմբակցության շատ պատգամավորների սրտով չէ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, կարելի է ասել, անցել է շատ մեղմ, ու կոշտ հայտարարությունները, որը պետք է արվեր հանդիպումից հետո, չեղան: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ, ով հաստատեց առաջիկա նիստի մասին մեր լուրը:
«Այո, նիստ լինելու է, բայց դեռեւս աշխատանքային քննարկում չենք արել, քննարկումը կանենք, կորոշենք ու կասենք: Ցանկալի էր, իհարկե, լսել նաեւ Յուրի Խաչատուրովին, իր տեսակետը, իր մեկնաբանությունը, բայց դե չեկավ, ոչինչ, կանենք առանց իրեն մնացածը», – նշեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: