Մաֆիան պատրաստ է շահագործել կորոնավիրուսը ոչ միայն Իտալիայում
Այս ամսվա սկզբին սիցիլիական Մեսսինա քաղաքում չնայած համազգային կարանտինին՝ հուղարկավորության արարողություն է տեղի ունեցել: Դա սովորական արարողություն չէր: Ավելի քան 20 մարդ էր հավաքվել՝ հրաժեշտ տալու ամենահայտնի մաֆիոզ ընտանիքներից մեկի 70-ամյա ներկայացուցչին:
Մաֆիայի դեմ պայքարի հարցերով տարածաշրջանային կոմիտեի նախագահ Կլաուդիո Ֆավան դա անվանել է «իրական սկանդալ, վիրավորանք նրանց հանդեպ, ովքեր պայքարում են իրենց հարազատների կյանքի համար»:
Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ մաֆիան օգտագործում է կորոնավիրուսի պանդեմիան հատկապես հարավային Իտալիայում:
Համարվում է, որ մաֆիայի ամենահզոր ճյուղը՝ նդրանգետան, որը գտնվում է Կալաբրիայում, վերահսկում է կոկաինի եվրոպական շուկայի 80%-ը: Չնայած նրան, որ պանդեմիան դժվարացրել է դրա տարածումը, մաֆիան օգտվում է կարանտինի առավելություններից: Սակայն մաֆիոզ խմբավորումները պարզապես կոկաինի առևտրով չեն զբաղվում, նրանք արմատացել են տնտեսության մեջ: Նման կարծիք է հայտնել իտալական ոստիկանության ղեկավար Ֆրանկո Գաբրիելլին:
Էսսեքսի համալսարանի քրեաբանության դասախոս Աննա Սերջիի կարծիքով՝ մաֆիան՝ գումար փոխանցելով խնդրային ընկերություններին, սկսում է վերահսկել դրանց:
Հակամաֆիոզային խմբերը, ինչպիսիք են SOS Impresa-ն, հայտարարել են, որ 2008 թվականի ճգնաժամը մաֆիան վերածել է Իտալիայի խոշորագույն բանկի: Խմբի գնահատմամբ՝ 2012 թվականին մաֆիան ունեցել է 65 մլրդ եվրո լիկվիդայնություն:
««Կոզա նոստրան» ուժգնացնում է վերահսկողությունը՝ ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու միջոցով»,-ասել է La Repubblica թերթի լրագրող Սալվո Պալացցոլոն: