Միխայիլ Միշուստինին առաջարկել են հավասարեցնել միգրանտների եւ ՌԴ քաղաքացիների կարգավիճակները` նպաստներ ստանալու համար
Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշեւան նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության Վարչապետ Միխայիլ Միշուստինին` կորոնավիրուսի պայմաններում մի շարք օժանդակ միջոցառումներ առաջարկելով աշխատաշուկայի եւ զբաղվածության ոլորտում: Մասնավորապես, առաջարկվում է հավասարեցնել աշխատանքի տեղավոված միգրանտների կարգավիճակը ՌԴ քաղաքացիների կարգավիճակին` գործազրկության նպաստ ստանալու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կազմակերպությունների աշխատակիցներին աջակցություն ցուցաբերելու ընթացքում [առաջարկվում է] միգրանտներին հավասարեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին` գործազրկության նպաստ (եւ մի շարք այլ արտոնություններ եւ վճարումներ) ստանալու եւ զբաղվածության աջակցության ոլորտում միջոցառումների համար»,- նշվում է փաստաթղթում:
Նշվում է, որ համանման միջոցառում է մտցվել նաեւ Պորտուգալիայում. կորոնավիրուսի եւ դրա հետեւանքների դեմ պայքարի շրջանակներում 580 հազար միգրանտի կարգավիճակ հավասարեցվել է երկրի քաղաքացիների կարգավիճակին:
Միգրանտներին օժանդակությանը վերաբերող եւս մեկ նախաձեռնություն է դարձել «ազատվող շուկաների եւ ՏՏ ենթակառուցվածքների ապասարկման շուկաների համար միգրանտների պատրաստման կազմակերպումը»: Այդ նպատակով Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը հնարավոր է համարում վերաբաշխել «Աշխատուժի արտադրողականություն եւ զբաղվածության աջակցություն» ազգային նախագծի միջոցները:
Մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր կառավարությանը գործազրկության առավելագույն նպաստը բարձրացնել մինչեւ աշխատանքի վարձատրության դրույքաչափի առավելագույն մակարդակի` 12.130 ռուբլու: Քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հետո կորցրել են իրենց աշխատանքը եւ դիմել են զբաղվածության ծառայություն, ապրիլից հունիս ամիսներին գործազրկության նպաստներ կստանան առավելագույն չափով:
Ապրիլի 9-ից Ռուսաստանում գործում են համապատասխան աշխատանք գտնելու եւ որպես գործազուրկ քաղաքացիների գրանցման կանոնները, որոնք հնարավորություն են տալիս «Ռաբոտա վ Ռոսիի» կայքի միջոցով հեռավար կարգով դիմել զբազվածության կենտրոն: Կանոնները բացառում են աշխատանքային գրքույկի եւ նախորդ գործատուից ամսական միջին աշխատավարձի մասին տեղեկանքի տրամադրման անհրաժեշտությունը: Պարզեցված ընթացակարգը ներդրվել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: