Հռոմի պապը համերաշխության կոչ է արել մարդկությանը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջազգային հանրությանը կոչ է արել համավարակից հետո համերաշխություն դրսևորել՝ նշելով, որ հասարակության որոշակի հատվածներին վերականգնման գործընթացից դուրս թողնելը կարող է «ավելի վատ վիրուսի» հանգեցնել:
Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ Ֆրանցիսկոս պապը վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ դուրս է եկել Վատիկանից՝ պատարագ մատուցելու մի քանի թաղամաս այն կողմ գտնվող կիսադատարկ եկեղեցում՝ նվիրված Աստվածային գթասրտության օրվան (նշվում է Զատկի հաջորդ կիրակի):
Պատարագին հաջորդած իր ավանդական կիրակնօրյա ելույթում սրբազան քահանայապետը հայտարարել է, որ վերականգնումն ու ապաքինումը չեն կարող որևէ մեկին հետևում թողնել, քանզի եկել է ժամանակը՝ վերացնելու աշխարհում տիրող անարդարությունը:
«Այժմ, երբ փորձում ենք դանդաղորեն և դժվարությամբ վերականգնվել համավարակից, վտանգ կա, որ կմոռանանք նրանց, որոնք հետևում են մնացել: Վտանգ կա, որ հետագայում էլ ավելի լուրջ վիրուսի կբախվենք, որն է եսասիրական անտարբերությունը: Այդ վիրուսը տարածվում է մտածելակերպով, որ կյանքն ավելի լավն է, երբ լավն է ինձ համար»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: