Ռուս ակադեմիկոսը կանխատեսել է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի ուժգնությունը
Կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը հնարավոր է, սակայն, ըստ ամենայնի, այն կլինի առաջինից թույլ, հայտարարել է իմունաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Նեդոսպասովը։
Նեդոսպասով նշել է, որ COVID-19 համավարակի երկրորդ ալիքը սկսվելու նախապայմանը պատվաստանյութի բացակայությունն է, նշում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Եթե չլինի կանխարգելիչ պատվաստանյութ, հնարավոր է երկրորդ ալիքը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այն կլինի շատ ավելի փոքր մասշտաբի»,-պարզաբանել է նա։
Իմունաբանն ընդգծել է, որ դեռեւս հնարավոր չէ հստակ կանխատեսել, երբ դա կարող է տեղի ունենալ։ Ժամկետների կանխատեսումը բարդանում է վիրուսի առանձնահատկություններով, ինչպես նաեւ առողջապահության եւ առանձին բնակչության կյանքի համակարգով։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36 793-ի, մահացել է 313 մարդ, ապաքինվել՝ ավելի քան երեք հազարը։