Իմ տղային խեղդել են, հետո կախել. սպանված զինվորի մայրը պատմում է, թե ինչու կարող էին իր որդուն սպանել (տեսանյութ)
ՀասարակությունՆանա Մուրադյանը` բանակում սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը, Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որդին զորակոչվել է բանակ` Ստեփանակերտի «Հայկազով» զորամաս 2009 թվականի նոյեմբերի 25-ին: «2010 թ մարտի 15-ին մահացած բերեցին տվեցին մեր ձեռքը»,-ասաց մայրը:
Տիկին Մուրադյանի խոսքով` որդու պարանոցին 2 պարանի հետք է եղել: Իրենց հավատացրել են, որ ամեն ինչ կբացահայտվի, մեղավորները կպատժվեն, սակայն 3,5 տարվա ընթացքում ոչ մի քայլ չի ձեռնարկվել. «Իմ տղային խեղդել են, հետո կախել են, ես համոզված եմ դրանում: Պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է. իմ տղան երկու անգամ է կախվե՞լ»:
Տիկին Նանան ասաց, որ դեպքի վայրում իրեղեն ապացույցներ են եղել: Նա նաև ասաց, որ հենց որդուն սպանած օրը այդ օրվա հերթապահ սպա Արամ Առուստամյանը երեկոյան անվանականչ չի արել: Տիկնոջ փաստմամբ` սպան երկու տարբեր ցուցմունք է տվել. մի դեպքում իբր հեռուստացույց դիտելիս է եղել, մյուս դեպքում` գրելով է ընկել ու մոռացել անվանականչն իրականացրել: «Եթե ինքը մոռացել ա կամ հեռուստացույց ա նայում, կարող ա թուրքն էն կողմից գալիս ա իրա զինվորներից հնձում ա միանգամից»:
Ըստ Վալերի Մուրադյանի մոր` այդ ամենը հեքիաթներ են. որդին դեպքից 4 օր առաջ զանգել է տուն ու մորը հայտնել, որ վառելանյութի գողության ականատես է եղել: Տղաները նրան հորդորել են ոչ ոքի չհայտնել այդ մասին` դրա դիմաց խոստանալով 3000 դրամ: Որդին չի համաձայնել: Մայրը որդուն խնդրել է չխառնվել այդ ամենին ու հարցրել արդյո՞ք սպաները չեն հետևում, որ գողություններ չլինեն: Ի պատասխան որդին հայտնել է, որ սպան ինքն է իր մեքենայով գալիս ու տանում է վառելանյութը:
Մայրը պնդում է` եթե նրանք էլ չգտնեն մեղավորներին, ապա ինքն անձամբ գտնելու է. «Անվերջ նախաքննություն է, սպասում են մինչև մահանանք, բայց չենք մեռնելու, մեկ է, իրենք պատասխան են տալու»:
Առավել մանրամասն` տեսանյութում: