Ռուսաստանում բժիշկները փախել են կարանտինի համար փակված հիվանդանոցից
Ուֆայում կարանտինի համար փակված Կուվատովի անվան հանրապետական հիվանդանոցից փախած 7 մարդը, պարզվում է, բժիշկներ են, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բաշկիրիայում վերահսկիչ մարմիններում աղբյուրը:
«Հայտնի է, որ խոսքը հիվանդանոցի աշխատակիցների մասին է՝ բժիշկների եւ մյուս բուժանձնակազմի: Նրանք ապրիլի 10-ին կլինիկայի շենքը ինքնակամ լքել են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նախօրեին Ուֆայի Կիրովսկի դատարանը քննել է այս 7 մարդու վարչական գործերը: Ինչպես պարզվել է, նրանք հիվանդանոցից ինքնակամ հեռացել են՝ չսպասելով COVID-19-ի անալիզի կրկնակի արդյունքներին: Վեցին վերադարձրել են Հանրապետական կլինիկական հիվանդանոց:
Նախօրեին «Ռոսպոտրեբնադզորի» Բաշկիրիայի վարչության ղեկավար Վեներ Իզիկաեւը Կուվատոնի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցն անվանել էր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման օջախներից մեկը: Տարածաշրջանային առողջապահության նախարարության տվյալներով՝ Բաշկիրիայում գրանցվել է COVID-19-ի ընդհանուր 213 դեպք, որոնցից 54-ը Հանրապետական կլինիկական հիվանդանոցում:
Հանրապետությունում կարանտինի համար փակված է ընդհանուր 11 հիվանդանոց: