Թրամփը հանդես է եկել կարանտինի խիստ միջոցառումների դեմ բողոքներին հավանություն տվող իր թվիթների պաշտպանությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել իր թվիթների պաշտպանությամբ, որոնցում հավանություն է տվել մի շարք նահանգներում կարանտինի խիստ միջոցների դեմ բողոքներին, հայտնում է BBC News-ը:
Ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ Մինեսոտա, Միչիգան եւ Վիրջինիա նահանգների կողմից մտցված որոշ միջոցառումներ «չափից ավելի խիստ» են:
Նա իր թվիթներում ավելի վաղ նշել էր. «ԱԶԱՏԵ՛Ք ՄԻՆԵՍՈՏԱՆ», «ԱԶԱՏԵ՛Ք ՄԻՉԻԳԱՆԸ», «ԱԶԱՏԵ՛Ք ՎԻՐՋԻՆԻԱՆ»:
Նշված նահանգների առողջապահության գերատեսչություններն իրենց հերթին հայտարարում են, որ խիստ կարանտինն անհրաժեշտ է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար:
Ընդ որում՝ բողոքի ակցիաների մասնակիցները պնդում են, որ նահանգների իշխանությունները խիստ սահմանափակող միջոցառումներ մտցնելով քաղաքացիներին վնաս են հասցնում՝ անհիմն սահմանափակելով ճանապարհային երթեւեկությունը եւ ճնշելով տնտեսական ակտիվությունը:
Կարանտինը չեղյալ հայտարարելու կոչով ցույցեր են բռնկվել Միչիգան, Օհայո, Հյուսիսային Կարոլինա, Մինեսոտա, Յուտա, Վիրջինիա եւ Կենտուկի նահանգներում:
Նախատեսվում են բողոքի ցույցեր անցկացնել Վիսկոնսին, Օրեգոն, Մերիլենդ, Այդահո եւ Տեխաս նահանգներում:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում COVID-19-ով վարակումների եւ մահվան դեպքերի թվով. երկրում գրանցվել է վարակման մոտ 700 000 եւ մահվան ավելի քան 36 000 դեպք: