«Իրանական Անջելինա Ջոլին» բանտում վարակվել է կորոնավիրուսով
Համացանցի աստղ Ֆաթիմա Խիշվանդի մոտ, որին կոչում են «իրանական Անջելինա Ջոլի», հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուս, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Al Bawaba հորդանանյան պարբերականին:
Կնոջ հիվանդության մասին հայտնել է իր փաստաբանը: Նրա խոսքով՝ կինը վարակվել է բանտում, որտեղ նրան տեղափոխել են Աստծուն անարգելու, չափազանց հարստանալու եւ այլ հանցավոր գործողությունների մեջ մեղադրանքներով: Բանտի վարչակազմը ստիպված էր նրան հոսպիտալացնել Թեհրանում, քանի որ նրա առողջական վիճակը վատթարանում էր:
«Իրանում մարդու իրավունքների կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ Խիշվանդը գտնվում է վերակենդանացման բաժնում եւ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին:
Իսլամական Հանրապետության պաշտոնական տեղեկատվական գործակալությունը հրապարակել է Խիշվենդի հիվանդության մասին հայտարարության հերքում: Կանանց գաղութի տնօրենը հայտարարել է, որ նա առողջ է, իսկ փաստաբանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Ֆաթիմա Խիշվենդը, որն առավել հայտնի է Սախար Թաբար կեղծանվամբ, հայտնի է դարձել լուսանկարների հրապարակումից հետո, որոնցում նա հիշեցրել է միաժամանակ Անջելինա Ջոլիին ու զոմբի: Ավելի ուշ կինը խոստովանել էր, որ ստեղծել էր այդ կերպարը դիմահարդարման եւ ֆոտոշոփի միջոցով, եւ ցուցադրել էր իր իրական դեմքը: Նա հայտնվել էր ճաղերի հետեւում 2019 թվականի հոկտեմբերին:
Մարտի 17-ին հայտնի էր դարձել, որ Իրանը որոշել է ժամանակավորապես ազատ արձակել բանտերից 85 հազար կալանավորի, այդ թվում՝ քաղաքական գործերով ազատազրկվածներին կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի շրջանակում: «Իրանում մարդու իրավունքների կենտրոնի» փաստաբանը պնդում է, որ դատարանը հրաժարվել է ազատել կնոջը համավարակի ընթացքում: